19 մայիսի 2014 - 13:20 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ին Ղարաբաղում դիմավորել են բողոքի ակցիայով, ինչն «անսպասելի էր» Ուորլիքի համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին, ինչպես նաև ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին Ստեփանակերտում դիմավորել են բողոքի ակցիայով: Ակցիայի մասնակիցները փակել էին մայրուղին, որով պետք է անցնել համանախագահների ավտոշարասյունը: Մասնավորապես, նրանք պահանջում էին, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լսի իրենց կարծիքն ու հաշվի առնի այն: Ակցիայի մասնակիցները կրում էրն «Հարգեք մեր ժողովրդավարական սկզբունքները», «Դատապարտեք ագրեսիան» գրություններով պաստառներ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են միջնորդները պատկերացնում ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը, հաշվի առնելով կոշտ հասարակական դիրքորոշումը, Ուորլիքը նշել է, որ իրենք հարգում են խաղաղ ճանապարհով պահանջները ներկայացնելու մարդկանց իրավունքը:

«Ինձ համար դա անսպասելի էր, սակայն, այնուամենայնիվ, ես դուրս եկա մեքենայից, և բավականին օգտակար զրույց ունեցա ակցիայի մասնակիցների հետ: Չնայած անհամաձայնությանը, պետք է ինչ-որ ելք գտնել, որովհետև ամենավատ տարբերակը կլինի ռազմական գործողությունների վերսկսումը»,-ասել է ամերիկացի համանախագահը՝ նշելով, որ բոլորի պարտքն է ապահովել խաղաղությունը Ղարաբաղում:

Պատասխանելով լրագրողի այն նկատառմանը, որ հենց ներկայացված վեց կետերը կարող են պատերազմի պատճառ դառնալ, ամերիկացի համանախագահը հիշեցրել է, որ այդ վեց կետերը նորություն չեն, վեց կետերի մասին խոսվել է նաև նախկինում:

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ այդ ամենը պարտադիր որոշում չէ: Մինսկի խումբը չի կարող պարտադրել, մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ժողովրդներին լսել միմյանց կարծիքն, ու հանդիպենք ոչ միայն դե-ֆակտո իշխանությունների, այլ նաև մարդկանց հետ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի և արժանի է իրազեկված լինելու այս ամենի մասին և հնարավորություն ունի հայտնելու իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը»,-ասել է Ուորլիքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորին անաչառ և արդյունավետ աշխատանքի համար` ամենայն բարիք մաղթելով նրան:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է Մինսկի խմբի շրջանակներում դրա խաղաղ կարգավորմանը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են և վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է:

Անդրադարձ է կատարվել նաև սահմաններում տիրող իրավիճակին և տարածաշրջանային գործընթացներին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Photo: twitter.com/AmbJamesWarlick