Գործադիրի ծրագիրն` ԱԺ-ում․ ՄՄ, հայ-թուրքական արձանագրություններ, գազ ու աշխատավարձեր

Գործադիրի ծրագիրն` ԱԺ-ում․ ՄՄ, հայ-թուրքական արձանագրություններ, գազ ու աշխատավարձեր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 20-ին Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության ծրագիրը` նշելով, որ այն մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, նախագահի, ՀՀԿ նախընտրական ծրագրի, գործադիրի 2013-ի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Մայիսի 19-ին գործադիրի արտահերթ նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկույցով ներկայացել էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Կառավարությունը հավանություն է տվել ծրագրին, որը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

«Եթե շատ հակիրճ բնութագրեի Կառավարության՝ ձեր դատին ներկայացվող ծրագիրը, ապա այն կանվանեի առաջին հերթին իրատեսական, խստապահանջ և ականջալուր: Իրատեսական՝ խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր՝ հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ: Հարկ է, սակայն, այս մոտեցումները չընկալել միակողմանի և պարզունակ կերպով»,- շեշտել է վարչապետը:

Նա նշել է, որ իրատեսականությունը չի նշանակում հավակնություների բացակայություն: «Իրատեսականությունը նշանակում է ռեսուրսների առկայության սթափ գիտակցում: Միաժամանակ այն նշանակում է կարողությունների լիակատար օգտագործման ճանապարհով առավելագույն արդյունքի ձգտում: Օրինակ, պաշտպանության ոլորտում չենք կարող հավակնոտ չլինել՝ հայրենի հողի պաշտպանությունը ոչ լիարժեք ջանքեր չի հանդուրժում: Կարող եմ վստահեցնել, որ «առկա ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» պաշտպանության ռազմավարական սկզբունքի կիրառումը չի նշանակում սահմանների մասնակի անձեռնմխելիություն: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորումը լինելու է ամբողջական և համապարփակ, առանց «եթե»-ների:

Խստապահանջությունը չի նշանակում անտարբերություն: Երբ պայմանները նույնն են բոլորի համար, դրանք չեն կարող պատժիչ լինել: Ես երբեք կողմ չեմ եղել պատժելուն, միշտ կարևորել եմ դրականի խրախուսումը:Կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած գործարարի, խթանել ցանկացած նորամուծություն, օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցող ցանկացած քաղաքացու, սակայն բաց, թափանցիկ և հրապարակային ձևով: Եթե տնտեսական աճի, աշխատատեղերի ավելացման համար անհրաժեշտ լինեն հարկային արտոնություններ կամ դրամաշնորհներ, ապա դրանք անպայման կլինեն, բայց կլինեն հրապարակային, օրենքի ուժով և օրենքի սահմաններում: Որպես այդպիսի քայլ, օրինակ, կառավարությունը նախատեսում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու համատեքստում, հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման հետաձգման շեմի աստիճանական իջեցում:

Ականջալուր լինելը չի նշանակում սեփական քաղաքական գծի բացակայություն կամ բոլոր առաջարկների անվերապահ ընդունում: Կարող եմ փաստել, որ կառավարությունը ծրագրում ներառել է գաղափարներ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, հանրության տարբեր ներկայացուցիչների առաջարկներից, սակայն դրանք տեղավորել է հասարակության զարգացման ի՛ր պատկերացման մեջ, ներկայացրել է որպես ի՛ր կողմից կիսվող գաղափար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Նա հավելել է, որ Կառավարությունն իր գործունեության գերակայություն է հռչակում ՀՀ քաղաքացուն՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը.

«Քաղաքացին է մեր ուշադրության կենտրոնը և մտահոգությունների առարկան, նրա բարեկեցությունը՝ մեր նպատակը: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի պայքարենք աղքատության և արտագաղթի չարիքների դեմ: Թե՛ աղքատությունը և թե՛ արտագաղթն ունեն բազմաթիվ պատճառներ, և մեկ հարվածով կամ մեկ գործիքով դրանք անհնար է վերացնել»:

Անդրադառնալով աշխատավարձերին` վարչապետը նշել է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է ներկայիս 50.000 դրամից աստիճանաբար բարձրացվի մինչև 65.000 դրամ. «Մարդու հիմնարար իրավունքներից մեկը, որ պետք է ապահովենք, աշխատանքի պատշաճ վճարման իրավունքն է»:

Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո վարչապետին հարց ուղղելու համար հերթագրվել է 34 պատգամավոր: Ալեքսանդր Արզումանյանը մատնանշել է ծրագրի այն հատվածը, համաձայն որիՀայաստանն ամեն կերպ ձգտելու է անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը: Այնուհետև վկայակոչելով ՄՄ անդամ երկրների մի քանի պաշտոնյաների հայտարարություններ, ասել, որ նրանք ԼՂՀ-ի ու Հայաստանի միջև մաքսակետ գործելու մասին են խոսում, գրում է Panorama.am-ը:

«Կարո՞ղ եք դուք հայտարարել, որ եթե որևէ ռեժիմով նման պահանջ առաջ քաշվի Հայաստանի առջև, ապա կհրաժարվեք Մաքսային միությանն անդամակցելու գործընթացից»,- հետաքրքրվել է Արզումանյանը:

Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ ընդհանրապես, Աբրահամյանն ի պատասխան ասել է, որ Հայաստանն այդ առումով ճիշտ ուղու վրա է ու շարունակել. «Մինչև մայիսի վերջ ունենալու ենք միության անդամ նախագահների հանդիպում և հունիսի 30-ին լինելու է վարչապետերի հանդիպում Մինսկում: Դրանից հետո հստակեցումներ կունենանք: Գտնում եմ, որ պետք է շարունակել ՄՄ անդամակցությանն ուղղված բանակցությունները, որովհետև դա բխում է մեր տնտեսության շահերից»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի և Հայաստանի միջև մաքսակետ տեղադրելու մասին տարբեր հայտարարություններին, ապա Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Արզումանյանին խնդրել է այդ հարցի մասին քիչ խոսել:

«Դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունեքև կխնդրեի այդ մասին քիչ խոսել, որովհետև մեր շատ խոսելը խանգարում է ընդհանուր բանակցություններին»,- նշել է վարչապետը:

Արզումանյանի հաջորդ հարցը վերաբերել է Կառավարության ծրագրում ընդհանրապես «գազ» բառի բացակայությանը:

«Այս մեկ ամսվա ընթացքում հասցրել եմ մի քիչ քննարկումներ կազմակերպել և պարզել, որ ունենք շատ լուրջ պրոբլեմներ էներգետիկայի ոլորտում: Մեր ծրագիրը հաստատելուց հետո ձեռնամուխ ենք լինելու այդ պրոբլեմների լուծմանը և հստակեցմանը: Պետք է հստակ որոշումներ կայացնենք ոչ ստանդարտ այդ ոլորտում»,- արձագանքել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ մայիսի 17-ից մինչև օրս, երբ Վրաստանում տեղի ունեցած փլուզման հետևանքով գազի մատակարարումը Ռուսաստանից Հայաստան դադարեցվել է, Իրանից գազի ներմուծման աճ է գրանցվել` օրական 2 մլն խորանարդ մետր.

«Ընդհանրապես, լուրջ տրամադրված եմ մեր հարաբերությունները խորացնել Իրանի հետև այն ծրագրերն ու ամեն ինչ անելու եմ, որ մեր երկու կառավարությունների միջև կնաքված պայմանավորվածությունները ժամանակի ընթացքում իրականություն դառնան»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով վարչապետին, նշել է, որ պարտադիր կուտակային համակարգին հասարակության 80%-ը դեմ է, և արդյոք Կառավարությունը չպետք է ականջալուր լինի նրանց:

«Կառավարության ծրագրում 3 փիլիսոփայական կետ նշեցիք` իրատեսություն, խստապահանջություն և ականջալուր լինել, երրորդ կետի մասով եմ ուզում հարց ուղղել` Հանրապետության նախագահը նշեց, որ հանրության 80%-ը դեմ է պարտադիր կուտակային համակարգին, այսինքն՝ հանրության 80%-ին գոնե ականջալուր պետք է լինել»։

Վարչապետն ի պատասխան նշել է, թե նախորդ հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունի. «Իմ կարծիքով, Կառավարությունն առաջին քայլն արել է։ Երկրորդը` փաթեթի մասին, որը պետք է համապատասխանի Սահմանադրությանը․ ունենալու ենք հստակ տեսակետ, նորից եմ ասում` այնպես ենք անելու, որ լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված, մեր ժողովուրդը մեր թշնամին չէ։ Ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս լայն խավի համար ընդունելի նախագիծ լինի»:

Վարչապետը հավելել է, թե կուտակային կենսաթոշակային բարեփոխումը վատը չէ, պարզապես Կառավարությունն է սխալ մատուցել այն, և մարդկանց մոտ ոչ ճիշտ ընկալում կա դրա վերաբերյալ։

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ հարցրել է, թե ինչու ծրագրում անդրադարձ չկա հայ-թուրքական հարաբերություններին։ Նա նկատել է, որ թե հայ-իրանական, թե հայ-վրացական հարաբերություններին անդրադարձ կա, բայց հայ-թուրքական հարաբերությունին վերաբերող հարցն իսպառ բացակայում է, գրում է Tert.am-ը։

Ի պատասխան վարչապետը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ ծրագրում, և հարցը Հանրապետության նախագահի ուշադրության շրջանակում է. «Պատմությունը միշտ ապացուցել է, որ Թուրքիայի հետ պետք է միշտ զգույշ և զգոն լինենք։ Կարծես թե այս պարագայում մեր ակնկալիքները դեռ չեն ավարտվել, հույս ունենք և, համոզված եմ, որ ապագայում կստորագրվեն և կվավերացվեն արձանագրությունները մեր և Թուրքիայի կողմից»։

Ապրիլի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանը մինչ այս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին նշանակել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Նախագահն իր համար նախընտրելի թեկնածուին ներկայացրել էր ՀՀԿ Գերագույն մարմնի մոտ 20 անդամին, այնուհետև հրավիրված նիստում որոշումը միաձայն քվեարկությամբ հաստատել էր նաև ՀՀԿ քաղխորհրդի մոտ 160 անդամ։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը