Մահացել է Մամիկոն Խոջոյանը. Ի՞նչ էին նրան ներարկել Ադրբեջանում

Մահացել է Մամիկոն Խոջոյանը. Ի՞նչ էին նրան ներարկել Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Այսօր՝ մայիսի 20-ին, 77 տարեկանում մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանը: Բոթը հայտնել է «Ընդդեմ իրավական բռնության» հասակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Բացի անմարդկային կտտանքների ենթարկելուց, ադրբեջանական կողմը հայ գերու կյանքի ու առողջության համար վտանգավոր հեղուկ է ներարկել, որը մահվան պատճառ է հանդիսացել»,- ասել է Ալավերդյանը` հավելելով, որ հետևողական են լինելու Եվրադատարունում գործի քննությանը, գրում է Panorama.am-ը:

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել էր: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունը: Պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է։ Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: :

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին:

Ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ մեկ ամսից ավելի անցկացրած Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը, հայտնել էր, որ հոր առողջական վիճակը վատացել է, չի կարողանում քայլել, իսկ վիրահատած ձեռքն ամբողջությամբ ուռել է: Խոջոյանի դուստրն աղոտ կասկածներ ուներ, որ Ադրբեջանում նրան «սալյարկա» են ներարկել, սակայն բժիշկների հետ այդ մասին չէր խոսել:

«Մենք, որ հիվանդանոցում ասում էինք արյան անալիզի պատասխանները տվեք, տեսնենք, չէին տալիս: Ինձ թվում ա, որ սալյարկա են ներարկել, որտև էս մարդը մի ուրիշ ձև ա փոխվում»,- ասել էր նա:

Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Առողջապահության նախարարը մարտի 6-ին հանձնարարել էր բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Ավելի ուշ առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը տեղեկացրել էր, որ Խոջոյանը կտեղափոխվի Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա։

Մինչև այդ Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել էր, որ Խոջոյանի մոտ բազմաթիվ կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր կան: Նրան մարտի 6-ին Երևան էին տեղափոխվել, որտեղ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կազմվել էր հետազոտման պլան, կատարվել կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շերտագրում, այնուհետև նրան վիրահատել էին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---