Պայքար անտարբերության դեմ. Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է

Պայքար անտարբերության դեմ. Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ըօրը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել: Ասուլիսին մասնակցել է բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» միջազգային ընկերության պատվիրակությունը, որը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միակ գործընկերն է հարավային Կովկասի տարածաշրջանում: Հանդիպմանը ամփոփվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կողմերի համատեղ ջանքերով իրականացված ծրագրերի արդյունքները, հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի նպատակն է սթափեցնել մարդկությանը և իրականացնել բնապահպանական կրթության շարունակական ծրագրեր: Հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը և գյուղական համայնքները դաշնակցում են ընդդեմ անտարբերության՝ բնության համար անդառնալի բարդ հետևանքների հիմնական աղբյուրի: Շրջակա միջավայրի հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Աղտոտվածության պատճառով տարատեսակ հիվանդությունների տարածումը մարդկության մարտահրավերն է: Ժամանակն է, որ մենք սկսենք գիտակցել էկոլոգիական խնդիրները և միջոցներ ձեռնարկենք դրանց կանխարգելման ուղղությամբ: Վաղը կարող է արդեն ուշ լինել: Այս ծրագրերի միջոցով մենք պետք է մարդկանց օգնենք հասկանալ, որ բնության պահպանությունը նույնքան կարևոր է, որքան պետական սահմանն անառիկ պահելը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպման վերջում բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերության հիմնադիր և ղեկավար Ջոն Բարթոնը, ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը պարգևատրել է շնորհակալագրով՝ Հայաստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար: Ասուլիսն ավարտվել է խորհրդանշական ծառատունկով:

Բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» ընկերությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրման օրվանից (1989թ.) ապահովում է կենսաբազմազանությամբ հարուստ և վտանգված տարածքների պահպանություն՝ նպաստելով բնապահպանական շուրջ 400,000 հա տարածքների վերականգնմանը և պահպանմանը Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում և այլուր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---