15 մայիսի 2006 - 14:09 AMT
Ռուսաստանը վերսկսել է ռազմական տեխնիկայի դուրս բերումը Վրաստանից
Ռուսաստանը վերսկսել է ծանր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի դուրս բերումը Ախալքալաքի 62-րդ ռազմակայանից: Այդ մասին հայտարարել է Ռուսական զորքերի Անդրկովկասի խմբի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Կուպարաձեն: Ախալքալաքում տեղակայված 62-րդ ռուսական ռազմակայանի բրոնետեխնիկայի առաջին էշելոնը Վրաստանից կմեկնի Ռուսաստան: «Վրաստանի Ծալկա երկաթուղային կայարանից 10:00-ին դուրս է եկել առաջին էշելոնը ռազմական տեխնիկայով` Ախալքալաքում տեղակայված 62-րդ ռուսական ռազմակայանից»,-հաղորդել է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի օգնական Իգոր Կոնաշենկովը: Այն Ռուսաստան կտեղափոխի T-72 տիպի 20 տանկ եւ մարտական հետախուզական պարեկային մեքենա: Ընդամենը նախատեսվում է Ծալկայից ուղարկել 19 էշելոն: Մայիսից սեպտեմբեր ներառյալ նրանք պետք է Ռուսաստան ուղարկեն ծանր զրահատանկային եւ հատուկ տեխնիկայի 350 միավոր, ինչպես նաեւ զինամթերք»:

Նա հստակեցրել է, որ առաջին էշելոնով Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան սպառազինություն եւ տեխնիկա չի տեղափոխվի: «Տեխնիկայի եւ սպառազինության որոշ մասը մենք կփոխադրենք այնտեղ ավտոմեքենաներով, առաջին ավտոշարասյունը Հայաստան կուղարկվի մայիսի 18-ին»,-պարզաբանել է Կուպարաձեն: Նրա խոսքերով, ողջ ծանր սպառզինությունը լիովին դուր կբերվի Ախալքալաքի ռազմակայանից մինչեւ 2006 թվականի ավարտը: «Ինչ վերաբերում է անձնակազմին, թեթեւ հրաձգային սպառազինությանը, ինչպես նաեւ նյութական միջոցներին եւ ընդհանրապես ողջ շարժական գույքին, որը Ռուսաստանի սեփականությունն է, ապա դրանք դուրս կբերվեն Ախալքալաքից մինչեւ 2007 թվականի ավարտը, որից հետո ռազմակայանը լիովին կփակվի»,-ասել է Կուպարաձեն, հաղորդում է Newsru.com-ը: