Ըստ նախնական տվյալների, Ուկրաինայի նախագահ է ընտրվել Պյոտր Պորոշենկոն

Ըստ նախնական տվյալների, Ուկրաինայի նախագահ է ընտրվել Պյոտր Պորոշենկոն

PanARMENIAN.Net - Արձանագրությունների 30,1 տոկոսի հաշվարկի տվյալներով Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններում միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 54,09 տոկոսը, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 13,16 տոկոս: Այդ մասին է վկայում Ուկրաինայի ԿԸՀ ինտերակտիվ տաբլոն: Երրորդ տեղում է «Ռադիկալ կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն 8,5 տոկոսով: Ժողովրդական պատգամավոր Անատոլի Գրիցենկոն հավաքել է 5,53 տոկոս, Սերգեյ Տիգիպկոն՝ 5,05 տոկոս, Ուկրաինայի ռեգիոնների կուսակցության թեկնածու Միխայիլ Դոբկինը՝ 3,3 տոկոս:

Ուկրաինայի նախագահի ընտրությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները երկրի որոշ շրջաններում անցել են խորը քաղաքական ճգնաժամի ու Կիևի իշխանությունների կողմից երկրի արևելքում իրականացվող ուժային գործողության պայմաններում: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 21 թեկնածու:

Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ հունիսի 8-10-ը:

Ըստ Ուկրաինայի Սահմանադրության, Ուկրաինայի նախագահն ընտրվում է երկրի քաղաքացիների կողմից համընդհանուր, հավասար և ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկության պայմաններում 5 տարի ժամկետով: Ուկրաինայի նախագահի ընտրությունները կարող են լինել հերթական, արտահերթ ու կրկնական: Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններն անցկացվում են Գերագույն ռադայի կողմից դրանց նշանակման օրվանից 90-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

Փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դնելով խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա և նախագահական ընտրություններ նշանակելով մայիսի 25-ին: Յանուկովիչը հայտարարեց, որ ստիպված էր լքել Ուկրաինան ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով:

Պորոշենկոն հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին այցը լինելու է Դոնբաս: Այս հայտարարությունը նա արել է իր ընտրական շտաբում մամուլի ասուլիսի ժամանակ: Պորոշենկոն հայտարարել է նաև, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում սկզբունքային է ՌԴ-ին Ղրիմի միանալու չճանաչելն ու երկրի արևելքում անցկացված հանրաքվեների արդյունքների չճանաչելը: Նա նշեց, որ պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ: «Չնայած երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին, որոնք Ուկրաինայի մեղքով չեն առաջացել, մենք բավարար ձևաչափեր ունենք կուտակված հարցերի լուծման համար»,-ասել է Պորոշենկոն:

Նա նաև հայտարարել է, որ Կիևի ու Մոսկվայի միջև բանակցությունները հնարավոր են ԱՄՆ ու Եվրամիության միջնորդությամբ: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Պորոշենկոն ասել է. «Այսօր ՌԴ հետ հարաբերությունները շատ բարդ են: Վերջին 200 տարում ես չեմ հիշում մեր երկրների միջև նման ճգնաժամ: Այնուամենայնիվ բանակցային գործշընթացը մեկնարկել է, դա Ժնևի ձևաչափն է: Կարծում եմ, այսօր մենք կարող ենք բանակցել ՌԴ հետ, ԱՄՆ, ԵՄ մասնակցությամբ և այլ ձևաչափերում»,-ասել է Պորոշենկոն:

Բացի այդ, Ուկրաինայի նախագահի թեկնածուն, որն առաջատար էր ընտրություններում, հայտարարեց, որ Կիևին հարկավոր է Ռուսաստանի հետ անվտանգության նոր պայմանագիր Բուդապեշտի հուշագրի փոխարեն: «Ռուսաստանը մեր հարևանն է, առանց նրա մասնակցության անհնար է ապահովել Ուկրաինայի անվտանգությունը: Մեզ անվտանգության մասին պայմանագիր է պետք, որը կփոխարինի Բուդապեշտի համաձայնագիրը»,-ասել է Պորոշենկոն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Անվտանգության երաշխիքների մասին Բուդապեշտի համաձայնագիրը կնքվել է 1994 թ. դեկտեմբերի 5-ին, երբ Ուկրաինան միացավ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին՝ ԱՄՆ, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ: Համաձայնագրով հաստատվում էր Ուկրաինայի հանդեպ ԵԽԱԽ Եզրափակիչ ակտի, ՄԱԿ Կանոնադրության ու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթների կատարումը: Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մյուս երկու մասնակիցները, որոնք միջուկային զենք ունեին, Ֆրանսիան ու Չինաստանը, արտահայտվեցին համապատասխան հայտարարությունների ձևով նմանատիպ երաշխիքների անհրաժեշտության մասին, չստորագրելով հուշագիրը:

Ըստ հուշագրի և Լիսաբոնի արձանագրության, Ուկրաինան 1996 թվականին միացավ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Ղազախստանի ու Բելառուսի հետ միասին որպես միջուկային զենք չունեցող մասնակից երկիր: Նշված ժամկետում Ուկրաինայի միջուկային պոտենցիալը ոչնչացված էր:

Ուկրաինայի նոր նախագահին արդեն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Բոլոր ամերիկացիների անունից ես ողջունում եմ Ուկրաինայի ժողովրդին, որ նրանք լսելի դարձրեցին իրենց ձայնը՝ քվեարկելով նախագահական ընտրություններում: Չնայած սադրանքներին, ու բռնությանը, միլիոնավոր ուկրաինացիներ այցելեցին ընտրատեղամասեր երկրի ամբողջ տարածքում և նույնիսկ արևելյան Ուկրաինայի որոշ մասերում, որտեղ Ռուսաստանի աջակցությամբ անջատողական ուժերը ձգտում էին ամբողջ տարածաշրջաններ զրկել քաղաքացիական իրավունքներից»,-հայտարարել է նա: «Միացյալ Նահանգները անհամբեր սպասում են համատեղ աշխատանքին նորընտիր նախագահի հետ, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի, սատարելու համար Ուկրաինային ջանքերին քաղաքական ու տնտեսական բարեփոխումների ոլորտում: Մենք նաև սատարում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, դատապարտում ենք ու մերժում ենք Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, ինչպես նախկինում, մեր պարտքն են համարում աշխատել Ուկրաինայի ու մյուս գործընկերների հետ՝ գտնելու համար հակամարտության խաղաղ հանգուցալուծումը»,-ասել է Օբաման, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության վրա հղումով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---