Լոուելի քաղաքապետարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել

Լոուելի քաղաքապետարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել: Ինչպես գրում է The Armenian Weekly-ին, դա առաջին հուշարձանն է ԱՄՆ-ում, որը տեղադրվում է պետական շենքի տարածքում: Հուշարձանը խաչքարի տեսքով է, որը գրկել են մոր ձեռքերը: Քարի վրա գրառում կա անգլերեն և հայերեն լեզուներով՝ «In Memory»: Ըստ հուշարձանի հեղինակ, դիզայներ Դանիել Վարուժան Հեջինյանի, ամբողջ աշխարհի 42 երկրներում կա Ցեղասպնության զոհերին նվիրված 230 հուշարձան: «Դրանց մեծ մասը գտնվում է հայկական եկեղեցուն կամ կազմակերպություններին պատկանող տարածքում: Լոուելի հուշարձանը միակն է, որ կանգնեցվել է կառավարական շենքի առջև»,-ասել է նա: Որպես մոդել քանդակագործն օգտագործել է իր քրոջ ձեռքերը: Հեջինյանը նաև Մեծ Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանության մասին իրազեկող մեծ վահանակների ձևավորման հեղինակն է:

«Մեր մայրերը հմուտ վարպետներ էին, նրանք աշխատել են նաև Լոուելում ու բոլոր ջուլհակուհիների երկու երրորդը հայեր են եղել: Նրանք այստեղ են եկել մեր մշակույթի կտավը գործելու և մենք պետք է մեր երախտագիտության պարտքը տանք նրանց»,-ասել է նա:

Լոուելի հայ բնակչությունը 1930-ականներին մի քանի տասնյակ հազարի էր հասնում: 1961 թվականին կառուցվեց ու օծվեց հայկական եկեղեցին:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---