15 մայիսի 2006 - 19:34 AMT
Ս.Սարգսյան. Անց են կացվում անհրաժեշտ միջոցառումներ Ա-320-ի «սեւ արկղերը» բարձրացնելու ուղղությամբ
«Արդեն հայտնաբերվել է կործանված Ա-320-ի «սեւ արկղերի» գտնվելու վայրը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, դրանք գտնվում են 496 մ խորության վրա մոտավորապես միմյանցից 5 մ հեռավորության վրա»,-հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, անց են կացվում անհրաժետ միջոցառումներ Ա-320-ի «սեւ արկղերը» բարձրացնելու համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ «սեւ արկղերի» վեր հանման աշխատանքները կսկսվեն մասյիսի 16-ին: Նովոռոսիյսկում սկսվել է այն ռոբոտի բեռնումը, որը պետք է Սեւ ծովի հատակից բարձրացնի ինքնագրիչները: Սարքը կտեղադրվի հատուկ նավի վրա, որից հետո ռոբոտը կփորձարկվի ծովախորշերից մեկի ջրային տարածքում: Միայն դրանից հետո այն կտեղափոխեն Սոչի, աէրոբուսի կործանման վայրը:

Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթով ընթացող ինքնաթիռը կործանվել է Սեւ ծովում, Ադլերի օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 113 մարդ, այդ թվում 6 երեխա (որոնցից մեկը կրծքի երեխա) եւ անձնակազմի 8 անդամներ: Զոհվածներից 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Ուկրաինայի, մեկը` Վրաստանի, մյուսները` Հայաստանի քաղաքացիներ: