28 մայիսի 2014 - 16:20 AMT
ԿԱՐԾԻՔ
Ադրբեջանի դիվանագիտական սև շրջանը. Հանգամանքնե՞ր թե տգիտություն

Վերջերս Ադրբեջանի համար միջազգային ասպարեզում բավականին սև շրջան է սկսվել: Հատկապես նրա բախտը չի բերում ԵԽԽՎ դեպքում: Այն, որ Ադրբեջանին քննադատում են ամեն տեսակի իրավապաշտպան կազմակերպություններ, արդեն ոչ ոքի չի զարմացնում, քանի որ իրավիճակը մարդու իրավունքների և այլ ոլորտներում այդ երկրում մեղմ ասած բարվոք չէ: Ճիշտ է դատարկ քննադատությունը միայն նպաստում է, որ Բաքուն ավելի հավատա իր անպատժելիությանն ու ավելի լկտիանա:

Իսկ վերջին օրերին Ադրբեջանի համար տհաճ հայտարարություններ են հնչում արդեն ԵԽԽՎ-ում, ընդ որում միանգամայն տարբեր առիթներով, բայց միանգամայն հիմնավորված: Այդպես, մայիսի 23-ին ԵԽԽՎ Մշտական կոմիտեի բյուրոն որոշեց պատժել Ադրբեջանին ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեի դեմ «պատժամիջոցների» համար՝ չեղյալ հայտարարելով ԵԽԽՎ կոմիտեների ցանկացած նիստ Բաքվում առաջիկա երկու տարում: Պատճառն այն է, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22-23-ը Բաքվում ԵԽԽՎ Բյուրոյի ու Մշտական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան: Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է: Նա նաև ֆրանս-ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ է: ԼՂ այցից հետո Ադրբեջանը նրան persona non grata է հայտարարել:

Բոլորն են հիշում ադրբեջանական ԱԳՆ «սև ցուցակ» անվանումով շոուն, որում ներառված է մոտ 350 ազգանուն, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանց թվում են հայտնի դեմքեր: Ադրբեջանի վայ-«մասնագետները», սեփական նկրտումներին հագուրդ տալով, դեռ կիմանան թե իրենք իրենց համար ինչ փոս են փորել: Գործնականում, նույն օրը, մայիսի 23-ին ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հոդված հրապարակեց European Voice-ում՝ «Եվրոպայի խորհուրդը կույր չէ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման հարցում» վերնագրով: «Ոմանք, հավանաբար, ենթադրում են, որ Եվրոպայի խորհուրդն ինչ-որ առումով կույր է այդ երկրում իրավունքների խախտումների լավ փաստագրված դեպքերի հանդեպ, սակայն, ես կտրականապես հերքում եմ այդ տեսակետը»,-գրել էր ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը:

Եվ ահա, մայիսի 27-ին ԵԽԽՎ-ն նոր «հարված» հասցրեց ադրբեջանցիների ինքնասիրությանը: ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Հանձնաժողովն այն որակել է որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»:

Իսկ Բաքվում, հավանաբար, կարծում էին, թե աշխարհն արդեն մոռացել է վախկոտ մարդասպանի հերոսացման աղաղակող փաստի մասին, որին հայրենիքում ոչ միայն արդարացրեցին, այլ նաև անմիջապես ազատ արձակեցին, կոչում տվեցին, բնակարան նվիրեցին, կենդանի օրինակ դարձնելով երիտասարդների համար:

Բնական է, որ Ադրբեջանը հայտնվել է հատուկ ուշադրության կենտրոնում, հերթականության սկզբունքով ստանձնելով նախագահությունը ԵԽԽՎ Նախարարների կոմիտեում: Սակայն սկզբնապատճառը դա չէ, այլ այն, որ Բաքուն անհեռատես և նույնիսկ երբեմն ապշեցուցիչ հիմար քայլեր է կատարում դիվանագիտական տեսակետից, ինչպես հենց նույն «սև ցուցակը», քայլեր, որ կարող են արձագանք ստանալ նույնիսկ տարիներ հետո:

Մնում է միայն հուսալ, որ գործը կհասնի նաև կոնկրետ ու խիստ պատժամիջոցներին, այդ թվում ադրբեջանական բանակի մշտական սադրանքների համար Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծում ու Հայաստանի հետ սահմանին, որոնք մարդկային զոհերի պատճառ են դառնում:

Մարինա Անանիկյան/PanARMENIAN.Net