29 մայիսի 2014 - 13:08 AMT
ԵՏՄ մասին համաձայնագիրը ստորագրվել է. Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի մինչև հուլիսի 1-ը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, խնդրել է «ժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի ստորագրման համար», գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նախագահը նշել է, որ համապատասխան փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է և «երկու-երեք օրվա մեջ կարելի է գտնել փոխադարձ ընդունելի որոշումներ» առկա հարցերի առնչությամբ:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:

«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները:

Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսութան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

«Եվրասիական տնտեսական միությունն աշխատելու է ունիվերսալ թափանցիկ սկզբունքներով, որոնք հասկանալի կլինեն բոլորի համար, այդ թվում` հիմնվելով ԱՀԿ սկզբունքների վրա»,- հայտարարել է Պուտինը:

Նրա խոսքով` փաստաթղթի ստորագրումը պետություններին դուրս է բերում ինտեգրման սկզբունքային նոր մակարդակի վրա. «Ամբողջովին պահպանելով պետական ինքնիշխանությունը, մենք ապահովում ենք ավելի սերտ և սահուն տնտեսական համագործակցություն»:

Պայմանագիրը կնքելիս բոլոր երեք կողմերը հրաժարվել են փաստաթղթի քաղաքականացումից: Այդ մասին հայտնել է Աստանայում ճեպազրույցի ժամանակ Ղազախստանի ԱԳ փոխնախարար Սամատ Օրդաբաևը:

«Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ մասին պայմանագրի կորիզը զուտ տնտեսական փոխգործակցություն է ենթադրում: Հենց շնորհիվ Ղազախստանի հետևողական դիրքորոշման պայմանագրից բացառվեցին բոլոր այն հարցերը, որոնք քաղաքական են՝ ընդհանուր քաղաքացիություն, արտաքին քաղաքականություն, միջխորհրդարանական գործակցություն, անձնագրային ոլորտ, սահմանների ընդհանուր պահպանություն և այլն»,-ասել է նա:

Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը:

Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի: Ինչ վերաբերում է ՄՄ և ԵՏՄ Հայաստանի միանալու մասին պայմանագրին, ապա փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի ԵՏՄ պետությունների ղեկավարներին նիստում, որը կանցնի մայիսի 29-ին Աստանայում:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը, սակայն հաջորդ օրը հայտարարեց, որ ՄՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրվի միայն այն ժամանակ, երբ ավարտվեն բանակցությունները մի շարք ներկրվող ապրանքների մաքսատուրքերը պահպանելու վերաբերյալ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը: Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը:

«ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Photo: ITAR-TASS