15 մայիսի 2006 - 21:06 AMT
Ա.Ռուստամյան. Բաքուն կարծում է, որ այսօրվա խաղաղությունը մեծ զիջում է հայկական կողմին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է գնահատել երկու տեսակետից` հակամարտության գործընթացի կարգավորման կառուցողականությունը եւ բանակցային գործընթացի արդյունավետությունը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղի հարցում գնալով ակնհայտ է դառնում, որ գործընթացը չի կարող կառուցողական լինել, եթե հակամարտության կարգավորումը չի համապատասխանում խնդրի էությանը: «Այն դեպքերում, երբ վերացվում են միայն հակամարտության հետեւանքներն, անհնար է հասնել վերջնական կարգավորման: Հակառակ դեպքում ձեռք բերված խաղաղությունը երկար չի տեւի: Մինչդեռ Ադրբեջանը առաջարկում է փուլային կարգավորում հենց այդ տարբերակով, կարծելով, թե այսօրվա խաղաղությունը մեծ զիջում է հայկական կողմին: Խաղաղությունը բոլորին է անհրաժեշտ, այլ ոչ միայն մեկ կողմին»,-ընդգծել է Ռուստամյանը:

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը գտնում է, թե խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա. «Մենք պատրաստ ենք հարգել այդ սկզբունքը, սակայն Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»: Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունավետությանը, ապա, ինչպես կարծում է Ա.Ռուստամյանը, ղարաբաղյան հակամարտության ինքնատիպությունը կայանում է նրանում, որ հակամարտող կողմը, Լեռնային Ղարաբաղը, բանակցություններին չի մասնակցում, հաղորդում է «Երկիրը»: