16 մայիսի 2006 - 18:30 AMT
Իրանը խանգարում է Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության զարգացմանը, գտնում է ՄՄՀՊԻ պրոֆեսորը
Ընտրությունների ժամանակ դիտորդների ներկայությունը պարտադիր է, սակայն դա պետք է համակարգված բնույթ կրի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) համեմատական քաղաքականության ամբիոնի վարիչ Միխայիլ Իլյինը` պատասխանելով ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ընտրություններին տված գնահատականների տարբերության վերաբերյալ հարցին: Նրա խոսքերով, դիտորդական առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի հավասար գնահատականներ տա յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող ընտրություններին: «Փորձագետների կողմից լրիվ օբյեկտիվ գնահատականը անհնարին է: Սակայն դա չի նշանակում, որ դիտորդներ հարկավոր չեն: Ինչ վերաբերում է չափանիշներին, ապա դրանք միշտ կան. եւ երկակի, եւ եռակի, քանի որ որպես փորձագետ մեծ մասամբ հանդես են գալիս հետաքրքրված կողմերը»,- նշել է Իլյինը:

Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքականությանը Հարավային Կովկասում, ապա, ռուս քաղաքագետի կարծիքով, բոլոր երեք երկրների հետ Ռուսաստանը որոշակի խնդիրներ ունի: «Հայաստանի դեպքում ավելի քիչ խնդիրներ կան, քան, ասենք, Ադրբեջանի հետ, առավել եւս Վրաստանի: Հայաստանի հետ հարաբերությունների ու համագործակցության զարգացման հիմնական խնդիրը ընդհանուր սահմանի բացակայությունն է եւ Իրանը: Սակայն, ես գտնում եմ, որ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման ներուժ կա»,- ընդգծել է Միխայիլ Իլյինը:

Նրա խոսքերով, Ադրբեջանի հետ խնդիրները ավելի շատ են եւ հիմնականում կապված են նավթագազային բնագավառի ու այդ երկրի եւ Իրանի հարաբերությունների հետ:

«Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը բազմաթիվ գործոններ ունի, որոնցից կարեւորագույնը վրաց ղեկավարության ոչ կառուցողական քաղաքականությունն է: Սակայն ես հուսով եմ, որ Ռուսաստանը չի խառնվի Վրաստանի ներքին հարցերին, առվել եւս Օսիայի հակամարտության կարգավորման հարցին»,- ասել է ՄՄՀՊ-ի պրոֆեսորը: