Լոս Անջելեսում լույս է տեսել «Ցեղասպանության գրադարանի» 6-րդ հատորը

Լոս Անջելեսում լույս է տեսել «Ցեղասպանության գրադարանի» 6-րդ հատորը

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում առաջին անգամ լույս է տեսել Մ. Սալպիի «Մեր խաչը» պատմվածքների ժողովածուն: Գիրքը հրատարկվել է Ֆրանսիայում 1921 թվականին հայերեն լեզվով, հետո թարգմանվել է ֆրանսերեն: Գրքի անգլերեն թարգմանությունը Իշխան Ջինբաշյանինն է: Ինչպես գրում է Asbarez-ը, ժողովածուն կազմեց «Ցեղասպանության գրադարանի» 6-րդ հատորը: Նոր հրատարակությունը ներառել է նաև հայերեն բնօրինակի պատկերները:

Մ.Սալպին Արամ Սահակյանի կեղծանունն է, նա բժիշկ էր, գրող, լրագրող ու քաղաքական ակտիվիստ: Նա բժշկական ծառայության է եղել թուրքական բանակում Առաջին համաշխարհայինի տարիներին: Ծառայության ժամանակ Սահակյանը հանդիպել է հայ զինվորների ու սպաների հետ, որոնք պատմել են իրենց ընտանիքների ծանր վիճակի մասին բռնագաղթից ու եղեռնից հետո: Ավելի ուշ Արամ Սահակյանը բժիշկ է եղել Եգիպտոսի Պորտ Սաիդում գտնվող հայ փախստականների ճամբարում, ինչպես նաև ճամփորդել է Պաղեստինում, Լիբանանում ու Սիրիայում:

Ցեղասպանությունից մազապուրծ մարդիկ պատմել են Սահակյանին բռնագաղթի սարսափների մասին, նորմալ կյանքին վերադառնալու ու սիրելիների հետ վերամիավորվելու իղձերի մասին, որոնց նրանք կորցրել էին: Սահակյանի դառնությամբ լի ու հուզիչ պատմվածքները անմոռանալի բնավորություններ ու կերպարներ են կերտում, ցույց տալով մի ամբողջ ազգի կատակլիզմը, որն ամեն ինչի դիմակայեց ու վերապրեց: «Մեր խաչը» Սահակյանի վերապրածն է ու խորապես ընկալած ժամանակագրությունը, որոնք ընդմիջվում են մտորումներով իր ժողովրդի ահռելի կորուստների մասին»,-գրել է Հակոբ Մանջիկյանը գրքի նախաբանում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---