17 մայիսի 2006 - 14:09 AMT
Մայիսի 18-ին Վարդան Օսկանյանը կմեկնի Ստրասբուրգ ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի 116-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով
Մայիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Ստրասբուրգ` Եվրոպայի խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի 116-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ արտգործնախարարը` նստաշրջանի մասնակից ԱԳ նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպում կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ: Հանդիպմանը, որին մասնակցելու է Ֆինլյանդիայի նախկին նախագահ, Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Մարթի Ահտիսաարին, նվիրված է լինելու Կոսովոյի ապագա կարգավիճակին: Ստրասբուրգում նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը ԱՀ ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մայիսի 19-ին նախարար Օսկանյանը հանդես կգա ելույթով: Նույն օրը Վարդան Օսկանյանն ուղեւորվելու է դեպի ԱՄՆ եւ Կանադա, ուր հանդիպելու է Լոս Անջելեսի, Բոստոնի եւ Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու է սեպտեմբերին 18-20-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը Հայաստան է վերադառնալու մայիսի 24-ին: