17  05.06.14 - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը

Երևանում կառուցվում է գեղասահքի դպրոց. Շինարարության արժեքը` $5 մլն

Երևանում կառուցվում է գեղասահքի դպրոց. Շինարարության արժեքը` $5 մլն

PanARMENIAN.Net - Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում 1 հեկտար հողատարածքի վրա կառուցվում է գեղասահքի դպրոց, որի բացումը նախատեսվում է 2015-ի աշնանը: Դպրոցի շինարարության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 5 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բարձրաստիճան այլ անձանց, բազմաթիվ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հետ միասին հունիսի 5-ին ներկա է գտնվել դպրոցի հիմնարկեքի արարողությանը:

Գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում իր անմիջական և ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի հասարակական, պետական գործիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, որը նաև պատրաստակամություն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո ըստ ամենայնի աջակցել հայկական գեղասահքի զարգացմանը:

«Տարիներ առաջ, երբ դեռ ելույթ էի ունենում, շատ եմ խոսել հայ մարզիկների հետ, ովքեր ասում էին, որ Երևանում մարզվելու համար չկա սառույց, այդ իսկ պատճառով հենց Ռուսաստանում են անցկացնում մարզումները: Այսօր՝ տասնյակ տարիներ անց, այդ երազանքն իրականություն դարձավ»,- նշել է Ռոդնինան` հավելելով, որ երբ դպրոցը պատրաստ լինի, Ռուսաստանից շատ մասնագետներ կգան դասավանդելու, վարպետության դասեր անցկացնելու, իրենց գիտելիքներով կիսվելու համար:

Ըստ օլիմպիական չեմպիոնի` գեղասահքի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրակարգ սահադաշտ, որակյալ մասնագետներ.«Հայաստաում մասնագետների առկայության առումով իրավիճակը շատ ավելի լավ է, սակայն միշտ սահադաշտի խնդիր է եղել: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ ոչ միայն գեղասահքը կզարգացնենք, այլ նաև հոկեյը»:

Մարզադպրոցը կկառուցվի Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Հանրապետության նախագահին, Երևանի քաղաքապետին ու հիմնարկեքի արարողությանը ներկա հյուրերին նախագծի վրա ներկայացվել են ծրագրի մանրամասները:

«Լինելու է գեղասահքի լավագույն դպրոցներից: Հուսով եմ` տարիների ընթացքում Երևանում կբացվեն գեղասահքի այլ դպրոցներ ևս և Հայաստանում մի օր կանցկացվի աշխարհի առաջնություն»,- ասել է հայազգի գործարարը` հավելելով, որ նման դպրոց կառուցելու որոշում կայացրել է Հայաստանի նախագահը` Իրինա Ռոդնինայի հետ մի զրույցի ժամանակ:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նորակառույց մարզադպրոցը կնպաստի հայկական գեղասահքի զարգացմանն ու կդառնա երևանցիների սիրված մարզադպրոցներից մեկը:

«Արդեն կարող ենք հաստատ ասել, որ Երևանը շուտով կունենա ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխանող գեղասահքի մարզադպրոց, որը կծառայի բոլորին: Հաճելի է արձանագրել, որ այս ծրագրին իր անմիջական մասնակցությունն է բերել նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի, բազմակի չեմպիոն, աշխարհահռչակ Իրինա Ռոդնինան: Սա նաև Երևանի քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության հերթական լավագույն օրինակներից մեկն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտության դեպքում գործարար մեր հայրենակիցները մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ են իրենց մասնակցությունն ունենում ինչպես համապետական, այնպես էլ համայնքային նշանակության ծրագրերում»,- ասել է քաղաքապետը:

Երևանի գեղասահքի դպրոցի հիմնարկեքի արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Իրինա Ռոդնինան և Սերգեյ Համբարձումյանը ստորագրել են գեղասահքի դպրոցի կառուցումն ազդարարող եռակողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք դպրոցի հիմքում:

Դպրոցի շինարարության պատվիրատուն է «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամը, նախագծողները՝ «Արբակ և որդիներ» և HCT ՍՊԸ-ները, շինարարությունն իրականացնում է «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ն: Գեղասաքի դպրոցի ճարտարապետն է Սամվել Գյուլնազարյանը, գրում է Panorama.am-ը:

«Դպրոցը նախատեսված է գեղասահքի ու հոկեյի համար: Համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, այստեղ կարող են անցկացվել միջազգային, տեղական մրցույթներ: Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ և օժանդակ կառույցներ»,- ասել է ճարտարապետը:

Կոնստրուկտոր, «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրեն Արբակ Հովհաննիսյանն էլ նշել է, որ կառույցը կրկնակի հուսալիություն ունի ցանկացած այլ կառույցների համեմատ, քանի որ նախատեսված է երեխաների համար. «Օգտագործվելու են մեծ թռիչքի համար նախատեսված կոնստրուկցիաներ, կարող է դիմակայել մինչև 10 բալ ուժգնության երկրաշարժին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---