17 մայիսի 2006 - 15:04 AMT
Վ.Կազիմիրով. Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին պարտադիր է
Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից Լեռնային Ղարաբաղի դուրս մղման գործընթացը սկսվեց 1994 թվականի դեկտեմբերին` Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովից անմիջապես հետո: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի 1992-1996 թթ. ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, ԼՂ դուրս մղման նախաձեռնողը Ադրբեջանն էր: «Պաշտոնական Բաքուն այն ժամանակ հայտարարեց, թե եթե Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին, ապա այն պետք է ներկայացված լինի նաեւ ադրբեջանական համայնքով, որը գլխավորում էր Նիզամի Բախմանովը: Սակայն այդ առաջարկը մերժեցին ինչպես հայկական կողմը, այնպես էլ համանախագահները: Այն ժամանակ Բաքուն պնդեց, որ բանակցություններից դուրս գա նաեւ Ղարաբաղի հայկական պատվիրակությունը: Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին պարտադիր է»,-ընդգծել է Կազիմիրովը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ներկա վիճակին, ապա Վլադիմիր Կազիմիրովը հայտարարել է, որ ողջ ծանրությունը արտգործնախարարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վրա է: Նրա կարծիքով, բանակցային գործընթացին պետք է միանան նաեւ հասարակական կազմակերպությունները: