17 մայիսի 2006 - 16:16 AMT
Ա.Միհրանյան. Ռուսաստանի նահանջը Կովկասից առաջընթաց բնույթ է կրում
Ներկայումս դիտվում է Ռուսաստանի առաջընթաց նահանջը Կովկասի տարածաշրջանից եւ ԱՄՆ ներկայության աճ: Ամերիկայի գլոբալ նպատակն է Ղազախստանը միացնել Բաքու-Ջեյհան նավթամուղին, որը կդառնա Ռուսաստանին Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներից կտրելու գործիքներից մեկը: Այդ մասին այսօր Երեւանում ընթացող «Կովկասն առանց հակամարտությունների եւ ահաբեկչության` քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» խորագրով միջազգային գիտաժողովում հայտարարել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն իր տարածաշրջանային ծրագրերում առաջին հերթին հենավում է այն երկրների վրա, որոնք ի վիճակի չեն սեփական ուժերով լուծել իրենց ներքին խնդիրները: «Ակնհայտ է, որ Վրաստանը ինքնուրույն չի կարող վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսեթիան եւ հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, որն էլ օգտվում է դրանից: Սակայն ՌԴ եւ ԱՄՆ բոլոր փորձերը Վրաստանի օգնությամբ դուրս մղել միմյանց Հարավային Կովկասից դատապարտված են տապալման»,-գտնում է Անդրանիկ Միհրանյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վրաստանը նույնիսկ ԱՄՆ-ի օգնությամբ չի կարողանա լուծել իր ներքին խնդիրները: