17 մայիսի 2006 - 16:48 AMT
Ռուսաստանը բոլոր իր խնդիրները տարածաշրջանում կարգավորում է Հայաստանի միջոցով
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առումով Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկում: ՌԴ ԱԳՆ-ն կարող էր ավելի շատ աջակցել հայկական կողմին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը բոլոր իր խնդիրները տարածաշրջանում կարգավորում է Հայաստանի միջոցով: Այդ մասին Երեւանում կայացած «Կովկասը առանց հակամարտությունների եւ ահաբեկչության. քաղաքակրթությունների երկխոսությունը կովկասյան խաչմերուկում» գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
Նրա խոսքերով, ներկա ստատուս-քվոն չի կարող Հայաստանին բավարարել մի շարք պատճառներով:
«Բոլոր սահմանամերձ երկրների հետ Հայաստանը խնդիրներ ունի: Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն չկա, եւ, ըստ էության չհայտարարված պատերազմ է մղվում, Ադրբեջանի հետ Լեռնային Ղարբաղի չկարգավորված հակամարտությունն է, Վրաստանը ընդհանրապես չկայացած պետություն է, իսկ Իրանը միջուկային խնդիր ունի, որը բարդացնում է տարածաշրջանում առկա առանց այն էլ բարդ իրավիճակը»,- նշել է ռուս քաղաքագետը:
Նա նաեւ ընդգծեց, որ երբ ռուս զինվորականները վերջնականապես լքեն Վրաստանը, Հայաստանը ամբողջությամբ կիզոլացվի: Ճիշտ է, Միհրանյանը գտնում է, որ Իրանը կարող է հավասարակշռող երկրի դեր կատարել: Միեւնույն ժամանակ, նա հայտարարեց, որ եթե Մոսկվան ու Վաշինգթոնը պայմանավորվեն, կկարգավորվեն ինչպես տարածաշրջանային հակամարտությունները, այնպես եւ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները: