17 մայիսի 2006 - 16:52 AMT
Հայաստանի քաղաքականությունը տարածաշրջանում ուղղված է այն կայունության շրջան դարձնելուն
Հայաստանի քաղաքականությունը տարածաշրջանում ուղղված է այն կայունության, պետությունների համագործակցության ու զարգացման եւ մարդու իրավունքների պահպանման շրջան դարձնելուն: Այդ մասին Երեւանում կայացած «Կովկասը առանց հակամարտությունների եւ ահաբեկչության. քաղաքակրթությունների երկխոսությունը կովկասյան խաչմերուկում» գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, միայն այդպես կարելի է հակազդել XXI դարի այնպիսի մարտահրավերներին, ինչպիսին միջազգային ահաբեկչությունն է: Փոխնախարարը նշեց, որ քաղաքակրթությունների երկխոսության սկիզբը դրել է Իրանի նախկին նախագահ Մոհամմեդ Խատամին, որի նախաձեռնությամբ արդեն մի քանի տարի անընդմեջ այսպսի կոնֆերանսներ են գումարվում:

«Իրան-Հայաստան հարաբերությունները միջպետական հարաբերությունների կատարյալ օրինակ է Հարվային Կովկասի երկրների համար: Ավաղ, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ նույնը ասել չի կարելի: Հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել, եթե Թուրքիան ճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, բացի սահմանները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չեզոք դիրք գրավի»,- ընդգծել է Գեղամ Ղարիբջանյանը: