Երևանում արագ սպառման ապրանքների շուկայի ծավալը 2 տարում կրճատվել է 4%-ով. Ամերիայի հետազոտությունը

Երևանում արագ սպառման ապրանքների շուկայի ծավալը 2 տարում կրճատվել է 4%-ով. Ամերիայի հետազոտությունը

PanARMENIAN.Net - «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը հունիսի 10-ին ներկայացրել է իր` ՀՀ մանրածախ առևտրի, մասնավորապես արագ սպառման ապրանքների (ԱՍԱ) առևտրի ոլորտի երկրորդ համապարփակ ուսումնասիրության արդյունքները:

Հետազոտության զեկույցը ներկայացնում է ինչպես 2014 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքները, այնպես էլ համադրումներ է կատարում 2012 թվականին իրականացված առաջին ուսումնասիրության արդյունքների հետ, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացնել տվյալ ոլորտի վերջին տարիների զարգացումները, շուկայի հիմնական մասնակիցների (սուպերմարկետների) հակիրճ վերլուծությունը, շուկայի զարգացման հիմնական միտումները:

«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ ս1000 մասնակիցների շրջանում 2014-ի փետրվար-մարտ ամիսներին անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ եթե 2012-ին միջին ընտանիքն արագ սպառման ապրանքների առևտրի վրա ծախսում էր 149.678 դրամ, ապա այս տարի թիվը մի փոքր նվազել է` կազմելով 143.960 դրամ: Սա այն դեպքում, երբ, օրինակ, սննդամթերքի համար այս ընթացքում գրանցվել է 16% գնաճ:

Համաձայն ուսումնասիրության Երևանում ԱՍԱ շուկայի ծավալը 2 տարվա ընթացքում կրճատվել է մոտ 4%-ով (իսկ ԱՄՆ դոլարով արտահայտվելու դեպքում՝ 6%), ինչը պայմանավորված է բնակչության ԱՍԱ ծախսերի կրճատմամբ, որն էլ իր հերթին բացատրվում է ընդհանուր եկամուտների չաճելու պարագայում այլ ծախսերի առաջնահերթությամբ: Մասնավորապես, 2013թ. կեսից զգալիորեն աճել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

Սակայն եթե միջինում ծավալը նվազել է, մեկ շնչի համար 125.000 և ավելի եկամուտ ունեցող ընտանիքների պարագայում ցուցանիշն աճ է գրանցել 11%-ով: Հաշվի առնելով նաև մակրոտնտեսական տվյալներով բնակչության եկամուտների և ծախսերի որոշակի աճը, կարելի է փաստել, որ Երևանում շարունակվում է բնակչության բևեռացման խորացումը: Միջինում 1 տնային տնտեսության ԱՍԱ ամսական ծախսերը 2014թ. գնահատվում են 144.000 ՀՀ դրամ:

«Մեր կողմից կատարված հետազոտությունը հետաքրքիր է նրանով, որ զարգացումն է ցույց տալիս, թե ինչ է կատարվում սպառողական շուկայում, ինչ փոփոխություններ կան նախասիրությունների մեջ: Գլխավոր փոփոխությունն այս երկու տարում «Սթար» սուպերմարկետի դուրս գալն է շուկայից, որը բերեց որոշակի հետևանքների, նվազեց մեծ սուպերմարկետների տեսակարար կշիռը և առաջատարի տեղը գրավեց «Երևան Սիթի» սուպերմարկետը»,- մանրամասնեց Տիգրան Ջրբաշյանը:

Հետազոտությունը ներառում է մակրոտնտեսական միջավայրի վերլուծություն (ՀՆԱ, գներ, փոխարժեք, արտաքին առևտուր, ժողովրդագրություն, կաչճաժամկետ կանխատեսումներ), առևտրի հատվածի վերլուծություն (ներքին և մանրածախ առևտուր), կարգավորում(ոլորտը կագավորող նորմատիվ իրավական ակտերի տեսություն), արագ սպառման ապրանքների վերլուծություն` ըստ Երևանում անցկացված հարցման արդյունքների, մանրածախ առևտրի ոլորտի հիմնական մասնակիցների վերլուծությու և այլն: Հետազոտությունը կազմված է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային տվյալների հիման վրա:

Ուսումնասիրության արդյունքները միտված են հնարավորություն ընձեռել բոլոր շահագրգիռ անձանց գնահատել շուկայի միտումները, տվյալ ոլորտի առաջարկի և պահանջարկի առանձնահատկությունները, շուկայի հիմնական մասնակիցներին, նրանց ուժեղ ու թույլ կողմերը, շուկայում առկա հնարավորությունները:

Ամերիայում վստահ են, որ այս հետազոտությունը հնարավորություն կտա հասկանալ առկա հիմնական սուպերմարկետների առավելությունները և թերությունները, սպառողների կողմից դրանց գնահատումը, գնահատել Երևանում արագ սպառման շուկայի ծավալը, հասկանալ հիմնական գնորդների բնութագիրը, գնումների կատարման համար առևտրի կետերի նախընտրությունները և այլն:

Բնակչության ԱՍԱ ծախսերի կրճատումը, ինչպես նաև 2012թ. ամենամեծ սուպերմարքեթների ցանցի՝ «Սթար»-ի գործունեության դադարեցումը հանգեցրեցին նրան, որ սուպերմարքեթների և հիպերմարքեթների կշիռը նվազեց Երևանի ընդհանուր ԱՍԱ շուկայում՝ 52%-ից 47%-ի: Փոխարենն աճել է մեծ մթերային և փոքր խանութների դերը այդ շուկայում:

Համաձայն հետազոտության կանայք ավելի ակտիվ գնորդներ են, քան տղամարդիկ: Գնորդների կառուցվածքում կանանց կշիռն ավելի քան 2 անգամ գերազանցում է տղամարդկանցը: Առավել ակտիվ խումբը գնորդների կառուցվածքում 46-55 տարեկան կանայք են՝ ընդհանուրի 15%-ը:

Այս շուկայում գլոբալ զարգացման միջին և երկարատև ժամանակահատվածի միտումները (այդ թվում նաև համադրելի երկրներում) վկայում են, որ սուպերմարքեթների և հիպերմարքեթների զարգացումն ավելի մեծ պոտենցիալ ունի: Ուստի, այս շուկայում սպասվում է մրցակցության սրացում, հատկապես, հաշվի առնելով «Քարֆուր»-ի սպասվելիք մուտքը շուկա: Առավել հավանական է, որ «Քարֆուր»-ի մուտքը հատկապես կսրի մրցակցային իրավիճակը տեսականու և սպասարկման որակի առաջատար սուպերմարքեթների համար: Հետազոտողները եզրակացնում են, որ «Քարֆուր»-ի մի քանի խանութի առկայության դեպքում կթեժանա մրցակցությունը նաև գին-որակ համադրությամբ առաջատար սուպերմարքեթների և մթերային ու փոքր խանութների համար:

Ընկերությունը հետազոտությունը բնորոշում է ինտելեկտուալ պրոդուկտ, որը կոմերցիոն նպատակով հանվել է վաճառքի: Հետազոտությունը վաճառվում է 870.000 ՀՀ դրամով:

Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---