ԱԺ-ն ընդունել է 2013-ի բյուջեի կատարողականը. Պակասուրդը կազմել է 71,5 մլրդ դրամ, եկամուտը` 1071.4 մլրդ

ԱԺ-ն ընդունել է 2013-ի բյուջեի կատարողականը. Պակասուրդը կազմել է 71,5 մլրդ դրամ, եկամուտը` 1071.4 մլրդ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը հունիսի 12-ին 67 կողմ, 40 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ 2013-ի պետակայն բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Դեմ են քվեարկել ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մինչև քվեարկությունը վարման կարգով հայտարարել է, որ քանի որ իրենք 2013-ին եղել են կոալիցիայի մաս, պարկեշտությունից ելնելով` ձեռնպահ կքվեարկեն, հայտնում է Armenia Today-ը:

Նախօրեին խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հայտարարել են, որ ինչպես որոշել էին քառյակի նախորդ նիստերից մեկի ժամանակ, միասնաբար դեմ կքվերակեն:

Հայաստանի 2013-ի պետբյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25,1%-ը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից շատ է 1,4 տոկոսային կետով։ Հարկային եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23,5%-ը` մեկ տարի առաջ գրանցված 22%-ի դիմաց, գրում է Arka գործակալությունը։

Պետբյուջեի եկամուտների անվանական աճի ցուցանիշը կազմել է 13,2%` 2012–ին գրանցված 7,4%-ի դիմաց։

2013–ի պետբյուջեի ծախսերն ավելացել են 13,6%-ով, հիմնականում` ընթացիկ ծախսերի ավելացման հաշվին, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են։

Միաժամանակ ընթացիկ ծախսերի գծով արձանագրվել է 16%-ի անվանական աճ, որի դեպքում ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը կազմել է 23,5%, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նախորդ տարի կազմել են ՀՆԱ-ի 3%` նախորդ տարի գրանցված 3,3%-ի համեմատ։

Այս ամենի արդյունքում պետբյուջեի ծախսերը կազմել են սահմանված ցուցանիշի 90,8%-ը, ինչը պայմանավորված էր արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման ցածր մակարդակով, որոշ ծախսային ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև մի շարք ծրագրերի շրջանակներում գնումների հետաձգմամբ։

Բյուջեի պակասուրդը կազմել է 71,5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,7%-ը` կանխատեսված 2,6%-ի համեմատ և 2012-ին գրանցված 1,5%-ի դիմաց։

Հայաստանի 2013-ի պետբյուջեի փաստացի ծախսերը կազմել են մոտ 1071,4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավել է 125,2 մլրդ դրամով կամ 13,2%-ով։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ծրագրային ցուցանիշը կատարվել է 100%-ով։

Պետական հաստատությունների արտաբյուջետային եկամուտները կազմել են 31,2 մլրդ դրամ։ Առանց արտաբյուջետային միջոցների պետբյուջեի եկամուտները կազմել են 1040,2 մլրդ դրամ, ՀՆԱ-ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը` 25,11%, ինչը 1,44 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Պետբյուջեի եկամուտների 93,4%-ը կամ 1000,9 մլրդ դրամը բաժին է ընկել հարկային եկամուտներին և պետական տուրքերին (973.6 մլրդ դրամ` հարկեր և 27,3 մլրդ դրամ` պետական տուրքեր)։

2013-ի պետբյուջեի փաստացի ծախսերը կազմել են 1142,9 մլրդ դրամ։ Միաժամանակ բյուջեի ծախսային մասի 88,8%-ն ուղղվել է ընթացիկ ծախսերին, 11,2%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ կապված գործառնություններին։ Փաստացի ծախսերը 2012–ին կազմել են 1006 մլրդ դրամ։

Ըստ հաշվետվության` արտաքին առևտրաշրջանառությունը 2013–ին կազմել է 5956.8 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ ավելանալով 5,6%-ով։ Արտահանումն ավելացել է 7,2%-ով` կազմելով 1480,0 մլն դոլար, ներկրումը` 5,1%-ով (4476.8 մլն դոլար) ($1– 411.67 դրամ)։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---