Պարտադիր բաղադրիչի ներդրումը մասնավոր հատվածի համար կարող է հետաձգվել 3 տարով․ Գործադիրի առաջարկը

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մասնավոր հատվածի համար կարող է հետաձգվել 3 տարով․ Գործադիրի առաջարկը

PanARMENIAN.Net - Կառավարությունում այսօր՝ հունիսի 14-ին, վարչապետի գլխավորությամբ«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են ԱԺ Հանրապետական, ԲՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները:

Հանդիպմանը քննարկվել են օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման իրագործմանը: Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ պատգամավորներն իրենց դիրքորոշումն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը PanARMENIAN.Net ին մանրամասնեց, որ աշխատանքային հանդիպմանը նախագծի որևէ գրավոր կամ էլեկտրոնային տարբերակ չի ներկայացվել, քննարկումը եղել է բանավոր։ Ըստ նրա, Կառավարության ներկայացրած հիմնական մոտեցումներից է ոչ պետական հատվածի համար չկիրառել պարտադիր բաղադրիչը, բայց ժամանակավոր՝ մինչև 2017-ի հուլիսի 1-ը։ Ինչ վերաբերում է պետական հատվածին, ապա գործադիրն ուզում է պարտադիր գանձումներ անել այն քաղաքացիներից, ում աշխատավարձը հուլիսի 1-ից պետք է բարձրանա։

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պետական ծառայողների վարձատրության մասին օրենքը, որն ընդունվել էր դեռ 2013-ի տարեվերջին։ Բյուջեի ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ որոշվել էր այն գործողության մեջ դնել այս հուլիսի 1-ից։

«Քանի որ պետությունը որոշակի տոկոսով բարձրացնելու է պետաշխատողների աշխատավարձը, ենթադրում են, որ կարող են, օրինակ, 40 տոկոսի փոխարեն այն բարձրացնել 35 տոկոսով։ Այսինքն, այդ 5 տոկոսը պետական բյուջեի միջոցով կդրվի համապատասխան ֆոնդերում, ինչպես նաև պետությունը կշարունակի ավելացնել ևս 5 տոկոս։ Ւսկ նրանց համար, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում (որը հուլիսի 1-ից դառնում է 50 հազար դրամ․- խմբ․), պետությունն այնպես կանի, որ այդ գումարը մաքուր ստանան»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ, ըստ քննարկվածի, ոչ պետական հիմնարկների աշխատակիցների համար կամավորության սկզբունքով համակարգին միանալու առաջարկը շարունակելու է գործել ու նրանց համար պետությունն իր հերթին ֆոնդերին կփոխանցի նախատեսված 5 տոկոսը։

Միքայել Մելքումյանի խոսքով, Կառավարության առաջարկներում կային կետեր, որ իրենց համար ընդունելի են, բայց կային առաջարկներ, որ առհասարակ ընդունելի չեն։ Այնուամենայնիվ, ԲՀԿ-ն իր տեսակետը չի փոխի՝ շարունակելով պահանջել, որ պարտադիր բաղադրիչը դուրս գա։

Իր հերթին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ Կառավարության ներկայացրած նախնական արդյունքները, որոնցով փորձել են որոշակի սկզբունքներ ձևավորել, ըստ էության, իրենց խմբակցության ու «Դ!ԵՄ ԵՄ»-ի պահանջներին չեն համապատասխանում։

Պատգամավորի խոսքով, Կառավարության հետ նման քննարկումներին ներկայացրել են հստակ դիրքորոշում, ըստ որի՝ պարտադիր բաղադրիչը չի կարող գործել, գոյություն ունենալ, անկախ ժամկետներից ու նրանից՝ վերաբերում է պետական, թե՝ մասնավոր հատվածին։ Անդրադառնալով պետական աշխատողներից պահումներին, պատգամավորը նշեց․

«Իրենք փորձում են դա կապել բարձրացվող աշխատավարձերի հետ, ինչը որևէ կերպ չի նշանակում, որ բարձրացվող աշխատավարձերից կարող են քաղաքացու կամարտահայտումից դուրս սահմանափակել նրա սեփականության իրավունքը, այսինքն՝ ցանկացած առաջարկ պետք է բխի ՍԴ որոշմամբ հաստատված սկզբունքներից»,- ասաց Մինասյանը՝ նշելով, թե չի կարծում, որ Կառավարության ներկայացրած նման սցենարը կարող է կյանքի կոչվել։

«Չի կարող որևէ կերպ վճարի այլ անվան տակ պարտադիր պահում արվել։ Համակարգը պետք է ամբողջությամբ կառուցվի կամավոր սկզբունքի վրա։ Մեր դիրքորոշումն արտահայտել ենք ու շարունակելու ենք պնդել այն, հասկանալով հանդերձ, որ կենսաթոշակային բարեփոխումները պետք է շարունակվեն։ Ամեն դեպքում, դրանք չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը, պիտի բխեն սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակից ու չպետք է որևէ կերպ խաթարեն երկրի սոցիալ-տնտեսական կյանքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ եզրափակելով, որ շարունակելու են ինտենսիվորեն աշխատել «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետ։

Երկու պատգամավորն էլ տեղեկացրին, որ սպասելու են գործադիրի առաջարկի գրավոր տարբերակին, որի հիման վրա արդեն վերջնական դիրքորոշում կարտահայտեն։

Իր հերթին հանդիպման ավարտին Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նման ձևաչափով քննարկումները՝ համակարգում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու և կենսաթոշակային բարեփոխումները կյանքի կոչելու համար:

Իմիջիայլոց, գործադիրի հետ այս հանդիպմանը «Ժառանգությունը» չի մասնակցել, քանի որ խմբակցությունից քննարկումներում ընդգրկված Թևան Պողոսյանն ԱԺ պատվիրակության կազմում Արցախում է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---