Սիրիայի բանակը վերականգնել է անվտանգությունն ու կայունությունը Քեսաբում

Սիրիայի բանակը վերականգնել է անվտանգությունն ու կայունությունը Քեսաբում

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ ավազակախմբերի մեծ թվով գրոհայինների ու նրանց տեխնիկայի ոչնչացման արդյունքում բանակային ստորաբաժանումները վերականգնել են կայունությունն ու անվտանգությունը Լաթակիա գավառի Քեսաբ քաղաքում:

Հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ այդ հաջողության կարևորությունը կապված է տվյալ բնակավայրի հատուկ աշխարհագրական դիրքի հետ, քանի որ ձախողվեց գրոհայինների Թուրքիայի հետ պլացդարմ ստեղծելու փորձը, որը ելք կունենար դեպի ծով, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Հրամանատարությունը սիրիացիներին հավաստիացրել է, որ ԶՈւ-ն կշարունակի կատարել իր պարտքը մինչև անվտանգության ու կայունության վերահաստատումը: Քեսաբում նաև սկսվել են ականազերծման աշխատանքներ:

Մինչդեռ, ամերիկյան Foreign Policy ամսագրում հրատարակված հոդվածում լրագրող Քոլին Լինչը հայտնել է, որ Իսրայելի օկուպացիոն բանակի ու Սիրիայում կռվող գրոհայինների միջև գաղտնի պայմանավորվածություն կա Սիրիայի ազատագրական բանակի գործունեության մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Այդ պայմանավորվածության համաձայն, գրոհայինները, որոնք վիրավորվել են Սիրիայում մարտերի ժամանակ, բուժման են տեղափոխվում իսրայելյան կլինիկաներ, որտեղ արդեն տասնյակ գրոհայիններ են բուժվել: Նա նշել է, որ ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Հորդանանն ու Իսրայելը օգնություն են ցուցաբերում ահաբեկչական զինյալ խմբավորումներին, որոնք կռվում են այսպես կոչված «Հարավային ճակատում»: Լինչը հիշեցրել է, որ ՄԱԿ ուժերը, որոնք գտնվում են Իսրայելի ու Սիրիայի տարանջատման գոտում, բազմիցս են հարձակումների ենթարկվել ահաբեկիչների կողմից: Նա նաև նշել է, որ իր զեկույցում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաստատել է տեղեկատվությունը տասնյակ ահաբեկիչների մասին, որոնք տեղափոխվել են Իսրայել բուժման համար, իսկ հետո վերադարձել են Սիրիա, շարունակելու համար իրենց ոճիրները:

Իսրայելյան Haaretz թերթը հայտնել է, որ վերջերս ԱՄՆ-ն Սիրիայի այսպես ասած «չափավոր ընդդիմությանը» զենքի նոր չափաբաժիններ է առաքել: Հորդանանի տարածքում ամերիկացիները շարունակում են պատրաստել վարձկան գրոհայինների:

Reuters-ը , ՀԴԲ վրա հղումով, հայտնել է, որ ԱՄՆ 10-15 քաղաքացիներ, ծագումով սոմալացիներ, ամերիկյան Մինեապոլիսից մեկնել են Սիրիա մարտական գործողություններին մասնակցելու համար ծայրահեղականների կողմից: Նշվում է, որ ամերիկացիների մեծամասնությունն ու այլ երկրների քաղաքացիները, որոնք մեկնում են Սիրիա, միանում են «Ջեբհաթ Ան Նուսրա» կամ «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումներին, որոնք կապված են «Ալ Քայիդայի» հետ:

Ամերիկյան World Tribune թերթը վերջերս տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ՀԴԲ-ն ու ԱՄՆ ղեկավարությունը մտահոգություն են հայտնում, որ ամերիկացի քաղաքացիները կարող են վերադառնալ Սիրիայից: Կուտակելով մարտական փորձ ու ծայրահեղական հայացքներ ունենալով, նրանք կարող են ահաբեկչական գործողություններ կատարել:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում, կազմակերպության անդամները ժխտում են դա, բայց հաստատում են, որ հավատարիմ են «Ալ Քայիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիին: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---