18 մայիսի 2006 - 17:00 AMT
Իսրայելի կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը քաղաքական նկատառումներով
Իսրայելի ժողովուրդն ու հանրությունը ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Սակայն կառավարության մակարդակով այդ թեման չի բարձրացվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստսիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր, հոգեբանության պրոֆեսոր Իզրաել Չառնին: Նրա խոսքերով, պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է միայն Իսրայելի նախկին մշակույթի նախարար Յոսի Սարիդը:

«Մեր պետությունում միայն երեք մարդ է բացեիբաց խոսում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին. դրանք են պրոֆեսոր Յաիր Աուրոնը, Յոսի Սարիդը եւ ես: Մյուսները լռում են քաղաքական նկատառումներով: Իսրայելը գտնվում է իսլամական շրջապատման մեջ, բացի այդ կախված է Թուրքիայից ջրամատակարարման հարցում: Ելնելով դրանից` կառավարությունը լռում է 1915 թվականի իրադարձությունների մասին: Ճիշտ է, անցյալ տարի Երեւանում եղել է Իսրայելի գլխավոր ռաբբի Իոնա Մեցգերը, որն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ փաստորեն ճանաչել է 1915 թվականի ողբերգությունը: Ես դա հոյակապ նախադեպ եմ համարում: Իսրայելի գլխավոր ռաբբին մեծ հեղինակության տեր մարդ է, սակայն նա կառավարությունը չի ներկայացնում»,- ընդգծել է Չառնին:

Իսրայելցի գիտնականը նաեւ նշեց, որ կատարված հանցագործության դեպքում կարեւոր չէ, երբ է այն կատարվել եւ ում հանդեպ: «Ցեղասպանությունը ցեղասպանություն է. լինի դա 1915 թվականի, լինի դա Հոլոքոստ, լինի դա գնչուների կոտորածը Ֆաշիստական Գերմանիայում, Դարֆուրը կամ Ռուանդան: Ինձ միշտ մի հարց է հուզել. ինչու՞ են մարդիկ ճանաչում Հոլոքոստը եւ լռում են Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է միջազգային տրիբունալին դիմելուն, ապա պրոֆեսոր Չառնին գտնում է, որ «այդ ամենը խաղ է»: Նրա կարծիքով, Թուրքիային միայն Եվրոպան կարող է ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Եթե թուրքերը իրոք ուզում են մտնել ԵՄ, ապա նրանք պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դա պարտադիր պայմաններից մեկն է»,- ընդգծել է Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիստուտի տնօրենը: