ԱՄՆ-ի կարծիքով, Սարգսյանն ու Ալիևը հաջորդ հանդիպմանը պետք է կոնկրետ համաձայնության գան Ղարաբաղի հարցում

ԱՄՆ-ի կարծիքով, Սարգսյանն ու Ալիևը հաջորդ հանդիպմանը պետք է կոնկրետ համաձայնության գան Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հույս է հայտնել, որ առաջիկայում Փարիզում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, գրում է ադրբեջանական APA-ն:

Մայիսին տարածաշրջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց Ֆրանսիայում ընդունել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին:

Ըստ ԱՄՆ դեսպանի, նոր հանդիպման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Մորնինգսթարը հավելել է. «ԱՄՆ-ն գտնում է, որ փարիզյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները պետք է կոնկրետ համաձայնության գան հակամարտության կարգավորման հարցում»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակլալի օգնական Էրիկ Ռուբինը Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ, որոնք նվիրված էին իրավիճակին Ադրբեջանում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հուսով է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագաներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որը կդառնա անցյալ տարվա նոյեմբերին սկսված «կառուցողական երկխոսության» շարունակությունը

2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի վերջին երկու տարում առաջին հանդիպումը՝ առանձնազրույցը: Ավելի ուշ նրանց միացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո համանախագահները հանդիպման արդյունքներով հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է, թե առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանն և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Ըստ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, անում է հնարավորը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար. «Մենք աշխատում ենք ռուս և ֆրանսիացի համանախագահների հետ աջաընթացի հասնելու համար»:

«Կարծում են, առաջընթացը հնարավոր է: Այսօր մեր նպատակն է առաջիկա ամսում անցկացնել նախագահների հանդիպում, և այդ հարցում մենք լավատեսորեն ենք տրամադրված»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---