18 մայիսի 2006 - 22:40 AMT
Դավիթ Բաբայան. Լաչինի շրջանը չի կարող բանակցությունների առարկա լինել
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի կողմից Լաչինի եւ Լաչինի միջանցքի հանդեպ վերահսկողության հաստատումը միակ հնարավարությունն էր ԼՂՀ համար ապահովելու իր բնակչության ֆիզիկական գոյատեւումը»,-հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ադրբեջանական մամուլի հրապարակումները ղարաբաղյան ուժերի կողմից Լաչինի գործողության 14-րդ տարելիցի կապակցությամբ: Նրա խոսքերով, Լաչինի գրավումը չի կարելի դիտարկել որպես օտար տարածքի գրավում, ինչպես դա որակում է ադրբեջանական կողմը: «Օկուպացիան առաջին հերթին նախատեսում է օտար հողերի ծրագրված զավթում որպես ինքնանպատակ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը ստիպված է եղել իր վերահսկողության տակ վերցնել Լաչինի շրջանը հենց իսկ Ադրբեջանի ճնշման տակ, որը չէր դադարեցնում մարտական գործողությունները եւ ԼՂՀ լիակատար շրջափակումը»,-ասել է քաղաքագետը: Դ.Բաբայանի խոսքերով, հումանիտար միջանցքի բացումը Լաչինի միջով թույլ տվեց Լեռնային Ղարաբաղին ոչ միայն հուսալի կապ ապահովել Հայաստանի հետ, այլ նաեւ ելք ստանալ դեպի արտաքին աշխարհ: «Լաչինի շրջանը ոչ մի կերպ չի կարող բանակցությունների առարկա լինել, քանի որ առանց դրա անհնար է ԼՂՀ բուն գոյությունը եւ անվտանգությունը»,-ընդգծել է քաղաքագետը, հաղորդում է «Դե Ֆակտո» գործակալությունը: