ՌԴ-ն վավերացրել է Հայաստան գազի, նավթամթերքի և ալմաստների մաքսազերծ առաքման մասին համաձայնագիրը

ՌԴ-ն վավերացրել է Հայաստան գազի, նավթամթերքի և ալմաստների մաքսազերծ առաքման մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Դաշնության խորհուրդը հունիսի 25-ի նիստում վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին:

Համաձայնագիրը նախատեսում է այդ ապրանքների մաքսազերծ առաքում մինչ Հայաստանի միանալը Եվրասիական ինտեգրացիոն տարածքին:

Ըստ համաձայնագրի, ռուսական կողմը արտահանման մաքսատուրքեր չի գանձում ինդիկատիվ բալանսների կազմում հաստատված ներքին սպառման ծավալներով նավթամթերքի ու գազի առաքման համար դեպի Հայաստան, դա վերաբերում է նաև ալմաստներին:

Արգելվում է այդ ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ:

Ըստ համաձայնագրի, իրավասու մարմինները համաձայնեցնում են Հայաստանում ներքին սպառման նավթամթերքի ու բնական գազի ծավալներն ու անվանացուցակը հաջորդ օրացուցային տարվա համար: ՌԴ և Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվում են պայմանագրեր, որոնք որոշում են ՌԴ ալմաստ արդյունահանող ձեռնարկությունների կողմից Հայաստանի երեսակող ձեռնարկություններին անմշակ բնական ալմաստների մատակարարման կարգն ու ծավալները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Վլադիմիր Պուտինի Երևան պետայցի շրջանակում հայկական ու ռուսական կողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել, այդ թվում՝ Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: 2013-ի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրեց ՌԴ և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների առաքումների մասին համաձայնությունը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցելու մասին պայմանագիրը:

Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առքուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից:

Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրեց 100 տոկոսի:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---