
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենտ Հարթլին կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Turan գործակալությունը:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկն ու կհանդիպեն Փարիզում»,- ասել է Հարթլին:
Ընթացիկ տարվա մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց ընդունելու Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին:
«Շվեյցարիայի նախագահ Բուրկհալթերի հորդորը բանակցություններն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ «նույնպես հնարավորություն է տալիս կողմերին առաջ մղել բանակցային գործընթացն»,-ասել է Հարթլին՝ ելույթ ունենալով Վիեննայում անվտանգության ԵԱՀԿ ամենամյա խորհրդաժողովում:
Լինելով Երևանում հունիսի սկզբին՝ Շվեյցարիայի ԱԳ նախարար ու նախագահ և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերը հայտարարել է, որ Շվեյցարիան, լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, իր ջանքերը կուղղի հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման խթանմանը, սակայն մինչ օրս դա չի իրագործվել:
Նա նաև նշել է, որ Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանն ու ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս հնարավորություն չի եղել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու մասին առաջարկը կյանքի կոչելու համար:
«Երկու կողմերի միջև ժողովրդական դիվանագիտությանն ուղղված ջանքերը «նույնպես կարող են նպաստել կայուն կարգավորմանը, օգնելով երկու երկրների քաղաքացիներին պատրաստվել խաղաղության»,-ասել է Հարթլին:
Այնուհետև ամերիկացի դիվանագետը նշել է ԵԱՀԿ զգալի փորձը հակամարտությունների կարգավորման հարցում: «Ճգնաժամն Ուկրաինայում հաստատեց այդ կազմակերպության դերը ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում: Բացի այդ, ի հայտ բերեց թույլ կողմերը, որ պետք է շտկվեն: Մենք պետք է պատրաստ լինենք քայլեր ձեռնարկելու, որոնք անհրաժեշտ են եվրոպական անվտանգության համար առավել մեծ վտանգ պարունակող խնդիրների լուծման համար»,-ասել է նա՝ հորդորելով ԵԱՀԿ-ին ակտիվացնել գործունեությունը հակամարտությունների հանգուցալուծման հարցում, հայտնում է Contact.az-ը: