ՀՀ-ն չի դիմում ՀԱՊԿ-ին ադրբեջանցիների գնդակոծության դեպքում. Ինքներս կարող ենք լուծել այդ հարցերը

ՀՀ-ն չի դիմում ՀԱՊԿ-ին ադրբեջանցիների գնդակոծության դեպքում. Ինքներս կարող ենք լուծել այդ հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում: Նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա, իրավիճակը Հայաստանի սահմաններին և ԼՂՀ շփման գծում միշտ էլ լարված է, ուղղակի կրակոցների թիվն է ավելանում կամ պակասում: «Վերջին շրջանում կրակոցները, սահմանային խախտումներն Ադրբեջանի կողմից ավելացել են, գտնում եմ, որ դա տեղի է ունենում քաղաքական կամ տարբեր իրադարձությունների շրջանակում: Վերջերս նրանց բանակի տոնն էր, դրա շրջանակում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացումներ եղան»,- ասել է նա՝ հավելելով, որ դիվերսիոն գործողություններ չեն եղել, բայց դիպուկահարների կողմից տարբեր տիպի, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ, գնդակոծություններ են եղել, որին մեր դիրքապահները համարժեք պատասխան են տվել:

«Շատ դեպքերում մենք կանխարգելիչ գործողությունների ենք դիմում՝ կանխատեսելով այս կամ այն հատվածում կրակոցների աճ, լարվածություն, կանխարգելում ենք դրանք»,-ասել է Օհանյանը՝ նշելով, որ Հայաստանը երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով: «Այս վերջին օրերին որոշակի լարվածություն կա Հայաստանի հյուսիսում, Տավուշի մարզում, գնդակոծվել են սահմանային գյուղեր: Ճիշտ է, մեծ առումով տուժածներ չունենք, բայց մեր դիրքապահները համարժեք պատասխանել են»,-ասեկ է նախարարը:

«ՀԱՊԿ-ին դիմելու և ՀԱՊԿ աջակցությունը ստանալու համար կա որոշակի ընթացակարգ: Երբ երկրի ներսում գնահատվում է իրադրությունը և համարվում է, որ պատերազմական գործողություններն անխուսափելի են, գերատեսչությունների կողմից համապատասխան առաջարկություն է արվում երկրի նախագահին, որն իր հերթին դիմում է ՀԱՊԿ ղեկավարությանը: Չեմ կարծում, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե գնդակոծությունների, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չկարողանա համարժեք արձագանքել, ապա այդ բանակն էլ ինչի՞ է հարկավոր: Այսօր հայկական բանակը հզորանում է, ամրապնդվում է, ավելի մարտունակ է դառնում և ի զորու է ինքնուրույն այդ խնդիրները լուծել: Դա նորություն չէ»,-ասել է Օհանյանը:

«Մենք այսօր և Հայաստանի սահմաններում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առանց երրորդ ուժի վերահսկում ենք իրավիճակը: Դա վերաբերում է ոչ թե քանակական հավասարակշռությանն, այլ որակական ունակություններին և մեր զինծառայողների մարտական ոգուն: Այլ բան է, որ ՀԱՊԿ-ին պետք է տեղեկացնել խախտումների մասին, որ համապատասխան հայտարարություններ արվեն: Ես խոսել եմ այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ զրույցում, ասել, որ նա հավասարակշռված մոտեցում ցուցաբերի խախտումների հարցում, և շեշտվի թե որ կողմն է խախտումն իրականացնում»,-ասել է նախարար Օհանյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը երբևիցե խախտումներ չի անում, այլ միշտ հակադարձում է, հայտնում է Armenia Today-ը:

Հուլիսի 1-ին կեսօրից հետո հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Հայկական կողմը ժամանակին նկատել և կանխել է այն: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չունի:

Ադրբեջանական կողմը հունիսի 27-ին երեկոյան 22:15-ից հետո խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չորաթան գյուղերը:

Այգեպար գյուղի ուղղությամբ հակառակորդը կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշել է, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23-ին: Կրակոցները շարունակվել են մինչև 1:30-ը:

«Մեզ մոտ գազատարն է վնասվել, մի տուն է հրդեհ ընկել, մի կերպ հանգցրել են, բնակիչների տների պատերը, տանիքները, ապակիները, գույքը լրիվ ավերվել է: Խոշոր տրամաչափի գնդացիրներով են կրակել»,- նշել է նա: Գյուղապետը նաև տեղեկացրել է, որ գիշերը հրդեհ է բռնկվել հայ-ադրբեջանական սահմանի չեզոք հատվածում, և կրակը շարունակում է մինչև այսօր. «Ամբողջ գյուղը ծխի մեջ է: Արդեն ոչ մեկ իր այգի դուրս չի գալիս, որովհետև մեկը շարժվում է թե չէ, դիպուկահարը կրակում է»:

Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ հակառակորդն ակտիվ է եղել երեկոյան 22:15-ից մինչև 1:30, իսկ առավոտյան 5:00-ից հետո համեմատաբար խաղաղ է սահմանին: Կրակոցները եղել են ԴՇԿ-ից, նաև արկ է պայթել:

«Կրակոցներից գնդակները 2 տուն են մտել: Ընտանիքների գույքն ավերվել է, անկողինները` վառվել: Բարեբախտաբար տուժածներ չկան»,- ասաց Արարատ Ավալյանը: Կրակոցներ են եղել տների, դպրոցի և գյուղապետարանի պատերին, ինչպես նաև Մովսեսի եկեղեցու գմբեթին:

Տավուշի մեկ այլ սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ հաստատել է, որ այս անգամ կրակոցները սովորականից անհամեմատ մեծաքանակ են եղել:

«Տանիքներին, պատերը ավերվել են, ի՞նչ կարամ ասեմ, կրակել են ու էն էլ շատ: Պատկերացրեք, որ ամեն կրակոցով մի վնաս լինի ինչ կլինի էդ տների վիճակը»,- ասել է նա: Գյուղապետը նաև նշել է, որ իրենց գյուղում էլ է ծուխ՝ Այգեպարի կողմից է գալիս:

Կրակոցները հնչել են նաև Չորաթան գյուղի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը հայտնել է, որ հակառակորդի կրակոցից վնասվել է երկու ավտոմեքենա:

«Չեն թողել գյուղացիները բաղերում աշխատեն: Կրակել են բաղերին մոտեցող մեքենաների վրա ու վնասել: Մարդիկ ստիպված մեքենան թողել են բաղում ու ոտքով հետ են եկել: Էսօր գյուղացիներն իրենց այգիները չեն գնացել, բայց դե մենք չենք կոտրվում էլի: Էսօր չեն գնացել, վաղը` կգնան»,- ասել է Բաղմանյանը:

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանի խոսքով, իրենց ուղղությամբ կրակել են երեկոյան ժամը 17:00-18:30-ը: «Հիմնականում խոտերն այրվեցին, արոտը»,- ասել է նա և հավելել, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը սահմանին, պատասխան գործողություններից հետո է հակառակորդի ակտիվությունը չեզոքացվել:

Հունիսի 25-ին ադրբեջանական բանակը առավոտյան 10։30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։ Գյուղապետ Արարատ Ավալյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, ընկել են եկեղեցու բակում, դիպել են դպրոցին։

«Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չունենք»,-ասել է գյուղապետը՝ նշելով, որ գնդակոծությունը կարճ է տևել և հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի պատասխանել դրանց։

Մայիսի 23-ի կեսօրից մինչև ժամը 18-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերի և գյուղի վրա: Ադրբեջանցիները կրակել են սահմանը պաշտպանելու համար հերթափոխի մեկնող զինվորական մեքենայի, բարեկամավանցիներից մեկի «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակներից երկուսը խոցել են Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի առանձնատան տանիքը: Գնդակներից մեկը ծակելով տանիքը և տանիքը պահող շինարարական կառուցվածքները, ընկել է տան միջանցք: Հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել, որից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է կրակը: Ապրիլի լույս 15-ի գիշերը դարձյալ անհանգիստ է եղել Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում: Գնդակոծությունները սկսվել են երեկոյան և շարունակվել մինչև ժամը 3-ը: Գյուղացիները տեղեկացրել են, որ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ է եղել, գրում է «Երկիրը»:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Կրակոցները եղել են երեկոյան, մերոնք համարժեք պատասխան են տվել, ինչից հետո կրակոցները դադարել են: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:

Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկված է, որովհետև վնասվել է գյուղի գազատար խողովակը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---