22 մայիսի 2006 - 16:42 AMT
Իրանը հերքել է կրոնական փոքրամասնությունների համար տարբերանշաններ սահմանելու մասին տեղեկատվությունը
Տեղեկատվությունն այն մասին, թե Իրանն օրենք է ընդունել, ըստ որի երկրի բոլոր հրեաները պարտավոր կլինեն դեղին ժապավեններ կրել հագուստին, պայթած ռումբի ազդեցություն ունեցավ: Համաշխարհային առաջնորդները եւ հասարակական գործիչները դատապարտեցին նման քայլը: Ի պատասխան Իրանը շտապեց հայտարարել, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում եւ այդ ամենը «սիոնիստական քարոզչություն է»: Ուրբաթ օրը «National Post» կանադական թերթը հաղորդել էր, թե Իրանում վերջերս Մեջլիսի կողմից հաստատված նոր օրենքը հագուստի մասին ներառում է ազգային փոքրամասնություներին վերաբերող դրույթ: Ըստ իրանցի վտարանդիների, որոնց վրա հղում է անում թերթը, փոքրամասնությունները ստիպված կլինեն կրել հագուստի վրա գունավոր ժապավեններ` հրեաները` դեղին, քրիստոնյաները` կարմիր, Զառատուշտրայի հետնորդները` կապույտ:

Սակայն շուտով այդ լուրերը հերքվեցին: Կանադայում Իրանի դեսպանատան մամլո քարտուղարը պարզաբանեց Իսլամական հանրապետության դիրքորոշումը եվրոպական ոճի հագուստ կրելու արգելք սահմանող օրենքի վերաբերյալ: Ուրմոզ Կարամանին հայտարարեց, որ «նման հրապարակումները հակաիրանական քարոզչության մաս են կազմում, որն ուղորդվում է որոշակի կառույցների կողմից», հաղորդում է MIGnews.com-ը:

Մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավար Իմադ Աֆարուխը Թեհրանում հաղորդեց լրագրողներին, որ հագուստի մասին օրենքը դիտարկում է հագուստի վերաբերյալ նոր օրենքների կատարումը քաղաքացիների կողմից դյուրացնելու միջոցները եւ ընդգծել է, որ գունավոր ժապավեններ պարտադիր կրելու մասին հաղորդագրությունը սուտ է:

Մորիս Մութամադը, որը Մեջլիսի հրեա պատգամավոր է, նույնպես հաղորդեց, որ այդ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: Նա ընդգծեց, որ մասնակցել է օրենքի քննարկմանը, որն, իր խոսքերով, վերաբերում է իրանցի եւ մահմեդական կանանց, սակայն ոչ մի կերպ չի առնչվում փոքրամասնությունների հետ: «Փոքրամասնությունների համար հատուկ տարբերանշանների մասին հարց ընդհանրապես չի արծարծվել»,-պնդում է Մութամադը:

Չնայած բոլոր հերքումներին, հրապարակման պատճառով առաջացած փոթորիկը դեռեւս չի հանադարտվել: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ստուգում է գունավոր ժապավենների մասին հաղորդագրությունը, եւ ընդգծել է, որ նոր օրենքը «զազրելի արարք է»: