22 մայիսի 2006 - 17:40 AMT
ԱՄՆ Կոնգրեսում քվեարկել են Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հարաբերակցությունը պահպանելու օգտին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա օժանդակության տրամադրման ենթակոմիտեն քվերակել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հարաբերակցությունը պահպանելու օգտին: Որոշումը կայացվել է հակառակ Բուշի վարչակազմի առաջարկի` Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը 40 տոկոսով ավելացնելու վերաբերյալ: Կոնգրեսականները մերժել են նաեւ Ազատության ակտի 907-րդ ուղղումը կասեցելու ադրբեջանական լոբբիի փորձը` ըստ այդ ուղղման Ադրբեջանը զրկվում է ֆինանսական օգնությունից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Մենք երախտապարտ ենք ենթակոմիտեին Կովկասում կայունության համար, որն ապահովվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հարաբերակցության, ինչպես նաեւ 907-րդ ուղղման պահպանման շնորհիվ»,-նշել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՀԴՀ-ն մտադիր է հասնել այն բանին, որ ԱՄՆ Սենատը հաստատի Հայաստանի հատկացվելիք օգնությունը նախորդ տարվա չափով` 75 մլն դոլար:

Նշենք, որ կոմիտեն 2007 ֆինանսական տարվա համար Հայաստանին է հատկացրել 62 մլն դոլար եւ 5 մլն Լեռնային Ղարաբաղին: Այդ գումարը 12 մլն ավելի է Բուշի առաջարկածից, սակայն քիչ է նախորդ տարվա հատկացումից, որը 75 մլն դոլար էր: