Թբիլիսիում 86 տարեկանում վախճանվել է Էդուարդ Շևարդնաձեն

Թբիլիսիում 86 տարեկանում վախճանվել է Էդուարդ Շևարդնաձեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Թբիլիսիում 87 տարեկան հասակում վախճանվել է Վրաստանի նախկին նախագահ և ԽՍՀՄ ԱԳՆ նախկին ղեկավար Էդուարդ Շևարդնաձեն:

Վրաստանի նախկին նախագահի ընտանիքը հաստատել է նրա մահվան փաստը: «Էդուարդ Շևարդնաձեն վախճանվել է»,-մեջբերում է ՌԻԱ Նովոստին քաղաքական գործչի մերձավոր հարազատներից մեկի խոսքը:

Շևարդնաձեն ծնվել է 1928 թ. հունվարի 25-ին Վրաստանի Լանչխուտիի շրջանի Մամատի գյուղում: Ավարտել է Թբիլիսիի բժշկական տեխնիկումը: 1959 թվականին նա ավարտել է Քութաիսի Ցուլուկիձեի անվան մանկավարժական ինստիտուտը:

1946 թվականից զբաղվել է կոմերիտական ու կուսակցական աշխատանքով: 1961-1964 թթ. եղել է Վրաստանի Կոմկուսի շրջկոմի քարտուղարը Մցխեթայում, իսկ հետո գլխավորել է Թբիլիսիի Մայիսմեկյան շրջկոմը: 1964-1972 թթ. եղել է հասարակական կարգի նախարարի առաջին տեղակալը, հետո զբաղեցրել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը: 1972-1985 թթ. եղել է Վրաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը: Այդ պաշտոնում պայքար է վարել ստվերային շուկայի ու կաշառակերության դեմ, որը մեծ արձագանք ստացավ հանրության շրջանում, բայց այդ երևույթների վերացմանը չնպաստեց:

1990 թվականի դեկտեմբերին Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական տվեց «որպես բողոքի նշան վրահաս բռնատիրության դեմ» և նույն թվականին դուրս եկավ ԽՍՀՄ շարքերից: 1991 թ. նոյեմբերին նա Գոռբաչովի հրավերով կրկին գլխավորեց ԽՍՀՄ ԱԳՆ-ն, սակայն ԽՍՀՄ փլուզումից մեկ ամիս անց այդ պաշտոնը լուծարվեց: Էդուարդ Շևարդնաձեն Գոռբաչովի թիմակիցներից մեկն էր վերակառուցման ու միջազգային լարվածության լիցքաթափման քաղաքականության մեջ:

Մոսկվայում ղեկավար պաշտոնից հեռանալուց մի քանի ամիս անց նա կրկին իշխանության եկավ հայրենի Վրաստանում: 1991-1992 թթ. դեկտեմբեր-հունվարին նա հանդիսացավ Վրաստանում ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից մեկը, որի արդյունքում պաշտոնանկ արվեց նախագահ Զվիադ Գամսախուրդիան, ինչն իրականում կասեցրեց քաղաքացիական պատերազմը: Սակայն Էդուարդ Շևարդնաձեի հույսերը, թե Աբխազիան կվերադառնա Վրաստանի կազմի մեջ, չարդարացան Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշման պատճառով: 1992 թ. նա զբաղեցնում էր ապօրինի մարմնի՝ Վրաստանի Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնը: 1992-1995 թթ. Շևարդնաձեն եղել է Վրաստանի խորհրդարանի նախագահը, Վրաստանի Պաշտպանության խորհրդի նախագահը:

1995 թ. նա ընտրվեց Վրաստանի նախագահի պաշտոնում: 1993 թ. նոյեմբերից նա զբաղեցնում էր Վրաստանի Քաղաքացիների միության նախագահի պաշտոնը: 2000 թ. ապրիլի 9-ին նա վերընտրվեց Վրաստանի Հանրապետության նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 82 տոկոսը: 2002 թ. սեպտեմբերին Էդուարդ Շևարդնաձեն հայտարարեց, թե 2005 թ. նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո մտադիր է թոշակի անցնել ու հուշեր գրել: 2002 թ. հոկտեմբերի 8-ին Էդուարդ Շևարդնաձեն հայտարարեց, որ իր հանդիպումը Պուտինի հետ Քիշնևում «բեկման սկիզբ հանդիսացավ վրաց-ռուսական հարաբերություններում»՝ նախագահները հայտարարեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու մտադրության մասին:

2003 թ. նոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ընդդիմությունը կոչ արեց կողմնակիցներին քաղաքացիական անհնազանդության: Նրանք պնդում էին, որ իշխանությունները ընտրությունները համարեն չկայացած:

Նոյեմբերին Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Շևարդնաձեին սատարող «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը 21,32 տոկոս հավաքեց, «Ժողովրդավարական վերածննդի միությունը՝ 18,84 տոկոս: Շևարդնաձեի հակառակորդները դա համարեցին բացահայտ ու համատարած զեղծարարություն: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածները հիմք հանդիսացան նոյեմբերի 21-23 Վարդերի հեղափոխության համար: Ընդդիմությունը վերջնագիր ներկայացրեց Էդուարդ Շևարդնաձեին՝ հեռանալ նախագահի պաշտոնից, հակառակ դեպքում սպառնալով գրավել նախագահի նստավայրը Կրծանիսիում: 2003 թ. նոյեմբերի 23-ին Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական տվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---