Մասնագետները վստահ են` Հայաստանում ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա

Մասնագետները վստահ են` Հայաստանում ուժեղ երկրաշարժի հավանականություն չկա

PanARMENIAN.Net - Հայաստանում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, որն աստիճանաբար գնում է մարման: Սեյսմիկ պաշտպանության ծառայության ղեկավար Հրաչյա Պետրոսյանի խոսքով` երկու՝ համեմատաբար թույլ ցնցումներ են եղել, որոնց հաջորդել են ավելի թույլ հետցնցումները:

«Ուժեղ ցնցումները սկսվում է 5.5 մագնիտուդից և ավելի: Մեկը 3.0 և մյուսը՝ 4 .0 մագնիտուդի ցնցումներ են եղել և հետցնցումներ՝ ավելի թույլ: Եվ հույս ունենք, որ աստիճանաբար դեպի մարումն է գնում»,– ասել է Հրաչյա Պետրոսյանը:

Հուլիսի 7-ին` ժամը 03.39-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.08-ին Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710 և արևելյան երկայնության 44.410: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 6-ին, ժամը 11.38-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.750 և արևելյան երկայնության 44.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

3.0 և 4 .0 մագնիտուդի ցնցումներից հետո գրանցվել է 12 հետցնցում, ամենաուժեղը՝ 2.1 մագինտուդ՝ ըստ Ռիխտերի սանդղակի, գրում է Tert.am-ը:

Հրաչյա Պետրոսյանը նշել է, որ ակտիվությունը պայմանավորում են նրանով, որ Հայաստանում վերջերս քիչ էին և թույլ էին տարածքում գրանցված երկրաշարժերը:

«Շուրջբոլորը լինում էին տարբեր ուժի սեյսմիկ ցնցումներ, մեզ մոտ մի փոքր դեֆիցիտ էր նկատվում»,-ասել է սեյսմոլոգը:

Միաժամանակ, արձագանքելով սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերին, ԱԻՆ-ից հայտնում են, որ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» կողմից սպասվելիք երկրաշարժի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

Ըստ գործող կարգի` մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցներով: Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա:

«Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25 տարուց ավելի, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռևս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել և այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են և դեռևս շարունակվելու են: Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու, կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---