Կարծիքներ. Ե՞րբ և ինչպե՞ս Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին

Կարծիքներ. Ե՞րբ և ինչպե՞ս Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին

PanARMENIAN.Net - Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայանգիրը հոկտեմբերին չի ստորագրվի, ինչպես նախապաես հայտարարվել էր: Այդ մասին հուլիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, ի սկզբանե իր համար պարզ է եղել, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային, այնուհետև` Եվրասիական միությանը, պայմանավորված է եղել մի շարք գործոններով, որոնք խոչըդնոտ են եղել անդամակցության համար:

«Ես չէի էլ ակնկալում, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին տեղի կունենա հայտարարված ժամկետում: Պաշտոնական Երևանը շտապում էր անդամակցել ԵՏՄ-ին, բայց միայն մինչև մարտի 5-ը, հետո Հայաստանի մոտ որոշակի հիասթափություն նկատվեց, քանի որ խնդիրները չափազանց լուրջ էին: Շտապողականությունը այդ հարցերում կնվազեցներ կառույցին անդամակցելուց ակնկալվող առավելությունները»,- նշեց Սաֆարյանը:

Նա շեշտեց, որ անդամակցությանն, առաջին հերթին խոչընդոտում է այն, որ բազմաթիվ ապրանքատեսակների հետ կապված մաքսադրույքների հարցը լուծված չէ: Անգամ Վրաստան այցելությունից հետո չլուծվեց նաև մաքսային տարանցիկ ձևակերպումների խնդիրը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի դեպքում ոչ մի միասնական տնտեսական տարածքի մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, ՄՄ անդամները սկսեցին արծարծել նաև Ղարաբաղի հարցը:

«Եռյակի առաջիկա նիստը կայանալու է հոկտեմբերին, Երևանը հասկացրեց, որ իր համբերությունը սպառված է, և կոնկրետ պատասխան է պահանջում մինչև հոկտեմբեր, իսկ նախապայմանների լեզուն չի ընդունում»,-հայտարարել է Սաֆարյանը: Սակայն, ինչպես նշել է նա, հաշվի առնելով հարցի լրջությունն, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՄՄ անդամ երկրները մշտապես բարձրացնում են Հայաստանի անդամակցության շահավետության հարցը իրենց երկրների համար, որևէ փաստաթղթի ստորագրում մոտ հեռանկարում ակնկալել պետք չէ, հայտնում է Armenia Today-ը:

Ըստ Tert.am-ի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, չնայած Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հարցի ձգձգմանը, կարծում է, որ այդ պայմանագիրն ի վերջո կստորագրվի՝ լինի աշնանը, թե ավելի ուշ։ «Բայց պետք է ռեալ հասկանալ, որ դրության տերը մենք չենք»,-ասել է նա: Ադրբեջանին Ղարաբաղով գայթակղելու և միություն ներքաշելու գործոնով պայմանավորված ձգձգումը Ռուբիկ Հակոբյանը չի բացառում և դրանով է բացատրում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ակտիվությունը։ «Ակտիվ բանակցություններ են տեղի ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, և երևում է Ռուսաստանի շահագրգռվածությունը՝ Ադրբեջանին ներառել այս կառույցում։ Թե ինչ արդյունք կունենա և ինչ գնի դեպքում Ադրբեջանին կարող են ներառել, դա իրենք ակնհայտ քննարկում են։ Ես չգիտեմ՝ ինչքանով է հայկական կողմը մասնակից այս հարցին, բայց այն, որ այս երկու պետությունների զրույցներում անպայման շոշափվում է Ղարաբաղի հարցը՝ չեմ կասկածում»,-ասաց նա։

Իսկ թե հնարավո՞ր է համարում Ղարաբաղի որոշ շրջանների գինը լինի Ադրբեջանի անդամակցությունը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես ոչինչ այս պահին չեմ բացառում և ոչինչ էլ չեմ ուզում հաստատել, բայց մի բան հստակ է, Ադրբեջանի խնդիրը որևէ քայլ անելուց պետք է անպայման լինի Ղարաբաղի հարցում լուծումն ի նպաստ իրեն, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանին չափազանց անհրաժեշտ է Ադրբեջանի մուտքն այդ կառույց։ Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ սեղանի վրա է դրած Արցախը, իսկ թե կողմերից ով՝ ինչպես կկողմնորոշվի և արդյունքում ինչ կունենա, դժվար է հիմա ասել։ Իմ կարծիքով, եթե արդյունք լինի այդ բանակցություններից, կլինի ոչ ի նպաստ Հայաստանի»։ Իսկ թե Հայաստանը հանուն այդ անդամակցության կգնա՞ ԼՂ հարցում զիջումների, Ռուբեն Հակոբյանը կրկնեց, թե ոչինչ չի կարող ասել, թե հարցն ինչ շարունակություն կունենա։ «Չեմ կարող ասել, թե Հայաստանի իշխանություններն ինչ կեցվածք կունենան, բայց կարող եմ ասել, որ այդ բանակցությունները կարող են ռեալ արդյունք տալ, և այդ տարբերակներից մեկը կարող է լինել ի վնաս Ղարաբաղի, բայց, իհարկե, չեմ պնդում, որ կատեգորիկ այդպես կլինի»,-եզրափակեց նա։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը բոլորովին մտավախություն չունի, որ Հայաստանի անդամակցության հարցը Եվրասիական տնտեսական միությանը կարող է ձախողվել։ Tert.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ Հայաստանը կանի այն, ինչ իրեն ձեռնտու է։

Դիտարկմանը, թե Հայաստանին գուցե ձեռնտու է ԵՏՄ-ին անդամակցությունը, իսկ ո՞րն է մյուս անդամ երկրների, մասնավորապես Ղազախստանի և Բելառուսի շահը Հայաստանի անդամակցությունից, Մինասյանը պատասխանեց. «Եթե կլինեն շահեր, որոնք մենք չենք կարող հաղթահարել, ուրեմն չենք միանա։ Եթե իրենք չեն ուզում, որ մենք այնտեղ գտնվենք, ուրեմն չենք գտնվի»:

Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Մենք մեր կողմից լիովին կատարել ենք մեր պարտավորույթունները և կարծում ենք, որ դա տեղի կունենա ընթացիկ տարում»,-ասել է վարչապետը:

Իր հերթին ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին հավասար հիմունքներով և առանց նախապայմանների: «Եղան տեխնիկական հարցեր, որոնք ամբողջությամբ լուծվել են: Պայմանագիրն ուղարկվել է ԵՏՄ անդամ երեք երկրների միջպետական հաստատմանը, որոնք կհայտնեն իրենց կարծիքը, որից հետո արդեն տեղի կունենա նախագահների հանդիպումը»,-ասել է նա: Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ շուտով տեղի կունենա Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը: «Նրանք կհանդիպեն ամռան ընթացքում»,-ասել է նա:

Օրերս Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին, ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը»,- նշել է Իդրիսովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին արտգործնախարարությունում կայացած դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում:

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

«Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,-ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում:

Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ: «Ստորագրման ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել: Որոշվել է նախապատրաստել պայմանագիրը: Երեկ պայմանագիրն ուղղվեց միջպետական համաձայնեցման, և քանի որ հարցերը շատ խորն են ուսումնասիրվել, հուսով ենք, որ միջպետական համաձայնեցումը երկար չի տևի»,- ասել է Քոչարյանը:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---