Ուղիղ տեսակապ` հրշեջ-փրկարարների և ՃԿԿ միջև. ՎիվաՍել-ՄՏՍ-ն ԱԻՆ-ին 100 հատ սմարթֆոն է տրամադրել

Ուղիղ տեսակապ` հրշեջ-փրկարարների և ՃԿԿ միջև. ՎիվաՍել-ՄՏՍ-ն ԱԻՆ-ին 100 հատ սմարթֆոն է տրամադրել

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությունը նշանավորվել է համատեղ իրականացվող նորարարական ևս մեկ ծրագրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրականացման համար տրամադրել է իր՝ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև ԱԻՆ-ին է տրամադրել բջջային գերժամանակակից 100 հեռախոս (փոխանցման բարձր արագություններ և որակյալ տեսանկարահանում ապահովող Alcatel One Touch C5 սմարթֆոն), որն օգտագործվում է դեպքի վայրից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) տեսապատկերային օպերատիվ տվյալներ փոխանցելու համար:

Դեպքի վայր ժամանելուն պես՝ փրկարարական խմբի անդամներից մեկն իրականացնում է դեպքի համակողմանի նկարահանում, որն իրական ժամանակի ռեժիմով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G և 3G/DC HSDPA ցանցերի միջոցով փոխանցվում է ԱԻՆ ՃԿԿ: Օպերատիվ տեսակապի հաստատումը ՃԿԿ-ում գտնվող համապատասխան մասնագետներին թույլ է տալիս վիրտուալ տեղափոխվել դեպքի վայր: Իրավիճակի և փրկարարական գործողությունների ամբողջական պատկեր ստանալու հնարավորությունը ՃԿԿ-ին օգնում է՝ իրավիճակի ճշգրիտ գնահատման, փրկարարական ջոկատի աշխատանքների արդյունավետ համակարգման, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելու, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու և այլ օպերատիվ որոշումներ կայացնելու գործում:

Բացի ճգնաժամային իրավիճակի կամ դեպքի ընթացիկ մոնիտորինգն ու վերահսկումը, փրկարարական գործողությունները, ինչպես նաև այլ ծառայությունների հետ համագործակցությունը նմանօրինակ իրավիճակներում է՛լ ավելի արդյունավետ և համակարգված դարձնելու նպատակով, ներդրված նոր համակարգը թույլ է տալիս ՃԿԿ-ում գտնվող հատուկ սերվերում նաև արխիվացնել դեպքի վայրից ստացված տեսանյութերը՝ իրականացված փրկարարական գործողությունները հետագայում համակողմանիորեն վերլուծելու, թիմային և անհատական ջանքերին փորձագիտական գնահատական տալու համար: Արխիվացված նյութերը կօգտագործվեն ուսուցողական նպատակներով, ինչպես նաև կունենան ապացուցողական նշանակություն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը արագ արձագանքման ազգային համակարգը կատարելագործելու գործում: Բազմիցս ապացուցվել է, որ արտակարգ իրավիճակներում ադյունավետ արձագանքման համակարգի առկայությունը կարող է էականորեն նվազեցնել ու անգամ կանխարգելել բացասական հետևանքները: Կանխարգելման նպատակով անվճար հիմունքներով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև տրամադրել է իր մրցակցային առավելություններից հիմնականը՝ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթը՝ 2G և 3G/DC HSDPA ցանցերով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---