Սեպագիր արձանագրություն` Մարութայի Սբ Աստվածածին եկեղեցու փլատակների տակ

Սեպագիր արձանագրություն` Մարութայի Սբ Աստվածածին եկեղեցու փլատակների տակ

PanARMENIAN.Net - Մարութա սարի Սբ Աստվածածին եկեղեցու փլատակների տակից սեպագիր արձանագրություն և պատմական ժառանգության մնացորդներ են հայտնաբերվել: Բացի այդ եկեղեցու տարածքում 10 մարդու հետ համատեղ մաքրման աշխատանքներ իրականացրած Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել է, որ արժեքավոր գտածոներ է հայտնաբերել։

Նա նշել է, որ վերանորոգման աշխատանքների շրջանակում Բաթման նահանգի թանգարանային վարչության մասնագետների հետ փլատակների տակից խաչի պատկերներով և հայերեն տառերով մի մեծ սեպագիր են գտել: Նաև հայտնաբերել են ձիու հնադարյան պայտեր, հայերին պատկանած որոշ ֆիգուրներ, գրում է Tert.am-ը թուրքական Mynet Haber կայքին հղումով։

Պատմական գտածոների մասին Դաղջըն տեղյակ է պահել ոստիկանությանը։

«Գտածոները հանձնել ենք Բաթմանի թանգարանային վարչության աշխատակիցներին։ Նկարներն ու տվյալները Ստամբուլի հայոց պատրիարքարանում ուսումնասիրելու ենք։ Մեր նպատակը երկու տարի առաջ քանդված այս եկեղեցու վերանորոգումն է։ Ենթադրում ենք, որ 2973 մետր բարձրությամբ լեռան գագաթին գտնվող եկեղեցուց հայտնաբերված նմուշները 2000 տարվա վաղեմություն ունեն»,- ասել է Սասունի հայերի միության նախագահը։

9-րդ դարում կառուցված հայկական պատմական սրբավայրերից մեկի՝ Մարութա լեռան Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին մասամբ փլվել էր 2012-ին: Նախորդ տարի Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել էր, որ ցանկանում են վերականգնել 2.973 մետր բարձրության վրա գտնվող Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին և մի խումբ մարդկանց, այդ թվում՝ ճարտարապետների հետ բարձրացել էր սարը։

Եկեղեցու փլված հատվածը վերակառուցելու համար դիմել են Բաթմանի նահանգապետարանին, Մշակույթի և զբոսաշրջության վարչությանը և Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության վարչությանը։

Վերանորոգման համար թույլտվություն ստանալուց հետո Սասունի հայերի միությունը փորձելու է հիմնադրամի միջոցներով եկեղեցին նախկին տեսքի բերել։ «Մարութա լեռան եկեղեցին շատ կարևոր է մեզ համար։ Մոտ մեկ տարվա ընթացքում դիմել ենք բոլոր պատկան մարմիններին։ Եկեղեցու վերանորոգման համար օժանդակություն ենք ստանալու շրջակա գյուղերի բնակիչներից։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո Ստամբուլից կանչված քահանայի օգնությամբ նախատեսում ենք պատարագ մատուցել»,- ասել է Դաղջըն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---