Ուրուգվայը` առևտրատնտեսական դարպաս դեպի Հվ. Ամերիկայի այլ երկրներ. Նախագահի պետական այցը շարունակվում է

Ուրուգվայը` առևտրատնտեսական դարպաս դեպի Հվ. Ամերիկայի այլ երկրներ. Նախագահի  պետական այցը շարունակվում է

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն: Մինչև նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները ուրախությամբ են նշել, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ: Այդ հարաբերությունները, ըստ Հայաստանի և Ուրուգվայի նախագահների, դրսևորվում են տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ ու միմյանց խնդիրների հանդեպ ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքով: Հանդիպմանը ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համընդգրկուն օրակարգի զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստակամ՝ այդ նպատակին ուղղորդելու անհրաժեշտ ջանքեր:

Հայ-ուրուգվայական համագործակցության զարգացման գործում զրուցակիցները կարևորել են փոխադարձ այցելությունների, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական շփումների անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետ կապված առավել արդյունավետ աշխատանք իրականացնել: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը կարևորել է 2012-ի մայիսին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի և ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի նոյեմբերին կայացած այցերն ու զբոսաշրջության և սպորտի նախարար, մեր հայրենակցուհի Լիլիամ Քեշիշյանի՝ անցյալ տարի նոյեմբերին Երևան կատարած այցը: Հայ-ուրուգվայական հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և ուրախությամբ փաստել, որ ՀՀ նախագահի այցի շրջանակում երկու երկրների իրավապայմանագրային բազան կհամալրվի մի քանի նոր կարևոր համաձայնագրերով:

Անդրադառնալով բազմակողմ համագործակցությանը՝ նախագահները կարևորել են արդյունավետ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացմանը, անշուշտ, մեծապես նպաստում է Ուրուգվայի հայ համայնքը, որը պատմության տարբեր ժամանակահատվածներում բնակություն է հաստատել Ուրուգվայում և ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական, քաղաքական կյանքում և իր համեստ նպաստն է բերում բարեկամ Ուրուգվայի զարգացմանը:

Հայաստանի և Ուրուգվայի նախագահները կարևորել են նաև այն հանգամանքը, որ երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Սերժ Սարգսյանի, այն է, որ դեռևս 1965թ. աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ուրուգվայը կանգնել է արդարության պաշտպանի հարթակին` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ գործած այս ծանրագույն ոճրի ճանաչման և դատապարտման գործում Ուրուգվայը կատարել է, թերևս, ամենածանրակշիռ ներդրումը:

Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, ՀՀ և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այցի արդյունքներով Հայաստանի և Ուրուգվայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն:

Պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ:

Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ առանձնակի պատիվ է պետական այցով գտնվել Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ուրուգվայում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Երկուստեք մեծապես կարևորվել է միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը:

Զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերին, որոնց ակտիվ գործունեությունը, փոխայցելություններն ու շփումները, Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համոզմամբ, կարող են զգալիորեն ամրապնդել երկկողմ բարեկամությունը:

Սերժ Սարգսյանը և Դանիլո Աստորին համոզվածություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պետական այցը Ուրուգվայ արգասաբեր կլինի, և առաջիկայում հայ-ուրուգվայական միջխորհրդարանական համագործակցության օրակարգն ավելի կհարստանա: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին սիրով ընդունել է ՀՀ նախագահի հրավերը այցելելու Հայաստան՝ նշելով, որ մեծ է ցանկությունը լինել իր բազմաթիվ ընկերների և բարեկամների հայրենիքում, որոնց հետ ունի ջերմ կապեր: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Ուրուգվայի խորհրդարանում և Սենատի աշխատակազմում կան ծագումով հայեր, ովքեր իրենց նպաստն են բերում օրենսդիր աշխատանքին:

Դանիլո Աստորին իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար:

Պետական այցի շրջանակներում Հանրապետության նախագահն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարևանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Ուրուգվայի Հանրապետություն այցի առաջին օրվա առավոտյան Սերժ Սարգսյանն այցելել է նաև գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող Ուրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, որտեղ ՀՀ նախագահին ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող այդ գործարանի ամբողջ արտադրատեսականին, ծանոթացրել արտադրական հզորություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---