Նախագահի հարցազրույցը արգենտինյան La Nacion-ին. Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանի սպառազինումն ու ՄՄ-ն

Նախագահի հարցազրույցը արգենտինյան La Nacion-ին. Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանի սպառազինումն ու ՄՄ-ն

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին։ Արգենտինայից ՀՀ նախագահը մեկնել է Ուրուգվայ, այնուհետև՝ Չիլի:

Լատինական Ամերիկա իր շրջագայության ընթացքում նախագահ Սարգսյանը ցանկանում է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել պայթյունավտանգ իրավիճակին, որը ստեղծվել է Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:

ՀՀ նախագահի խոսքով՝ Հարավային Ամերիկա կատարած իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը նշվելու է 2015-ի ապրիլին։ Չնայած Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների հիվանդության պատճառով Սերժ Սարգսյանը չի կարողացել հանդիպել նրան, Հայաստանի ղեկավարն ասել է, որ փոխանցել է նրան հաջորդ տարի մեր երկիր ալցելելու հրավերը՝ հայ ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Պատասխանելով հարցին, թե հրավիրվա՞ծ է արդյոք այդ միջոցառմանը Թուրքիայի նախագահը և կա՞ն արդյոք դրա համար անհրաժեշտ պայմաններ՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Նախ և առաջ, սկզբի համար, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը»:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծես նախագահական ընտրություններում հաղթելու համար ավելի մեծ շանսեր ունի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահը հակադարձել է. «Հնարավոր է, սակայն եկեք չշտապենք և սպասենք ընտրության արդյունքներին»:

Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցաոռւմների համակարգման պետական հանձնաժողովի չորրորդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Երևան 2015 թ. ապրիլի 24-ին: «Պաշտոնապես հրավիրում են Թուրքիայի նախագահին, որը հայտնի կդառնա առաջիկա նախագահական ընտրություններում, 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան ու առերեսվել սեփական պատմության հետ:

Օգոստոսի 10-ին Թուրքիայում նախագահ կընտրեն: Եթե թեկնածուներից ոչ մեկը ձայների 51 տոկոսը չստանա ընտրությունների առաջին փուլում, երկրորդը տեղի կունենա օգոստոսի 24-ին: Աբդուլլահ Գյուլի նախագահության 7-ամյա ժամկետը սպառվում է օգոստոսի 28-ին: Առավել հավանական թեկնածու է համարվում գործող վարչապետ Էրդողանը, որի թեկնածությունը հուլիսի 1-ին առաջադրեց իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը:

Լրագրողը նշել է, որ Թուրքիան, և այդ մասին բազմիցս հայտարարել է Էրդողանը, շարունակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։ «Կարո՞ղ է արդյոք Էրդողանի նման խիստ կեցվածքը հանգեցնել այն բանին, որ նրան չհրավիրեն»,- հարցրել է նա:

ՀՀ նախագահը պատասխանել է. « Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվներն ու Հայոց ցեղասպանության մասին կոնկրետ փաստեր ներկայացնենք։ Կցանկանայինք հրավիրել Թուրքիայի նախագահին և հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուր հազարավոր մարդկանց, որոնք գալու են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հնարավոր է, երբ նա այդ ամենը տեսնի, այլ ապացույցների կարիք չի լինի»:

Անդրադառնալով տեսակետին, թե Թուրքիայում այս պահին ազգայնականությունն է զարթոնք ապրում, ինչը հատկապես զգալի է դարձել նախընտրական քարոզչության ընթացքում և այն մտավախությանը, որ դա կարող է պատճառ դառնալ Թուրքիայի և Հայաստանի՝ առանց այն էլ լարված հարաբերությունների սրացման համար՝ նախագահն ասել է. «Կցանկանայի հիշեցնել, որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Իսկ եթե դրանք չկան, ապա ի՞նչ կերպ պետք է վատանան մեր հարաբերությունները»։

Նա նաև հավելել է․ «Որևէ լարված իրավիճակ չունենք Հայաստան-Թուրքիա սահմանին։ Ծայրահեղ դեպքում՝ քաղաքական։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում,այո՛, կա լարվածություն, սակայն դա Ադրբեջանից է գալիս։ Մինսկի խմբի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»,- ասել է նա:

«Այո՛, բայց անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանը չվերադարձնի Լեռնային Ղարաբաղը։ Այս պահին իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՝ խաղաղությանը»,- հարցրել է լրագրողը:

«Չենք բացառում ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը, բայց կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի։ Նա իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, սակայն դա հաղթանակ չի երաշխավորում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ձգտումը, որը գլխավորում է Ռուսաստանը, պայմանավորվա՞ծ է արդյոք հնարավոր ագրեսիայից Հայաստանը պաշտպանելու համար ուժեղ դաշնակցի որոնումներով՝ նախագահն ասել է. «Այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նոր փաստ չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ ենք դարձել, և այս տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ համաձայնագրեր ենք կնքել»:

«Հասկանալի է, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը դուր չի գալիս եվրոպացիներին։ Սակայն վստահ եմ, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանում են, թե ինչու ենք այդ քայլին գնացել»,- ասել է Սարգսյանը:

Մեկնաբանելով փաստը, որ Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է մատակարարել, Սերժ Սարգսյանն ասել է. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում ՌԴ-ն կկատարի ստանձնած պարտավորությունները»,- գրում է Ինոսմին:

Մարտ ամսին Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտը զեկույց հրապարակեց, որի համաձայն Ադրբեջանը Եվրոպայում զենքի երկրորդ խոշոր ներկրողն է: Ըստ զեկույցի, Մեծ Բրիտանիան է սպառազինության հիմնական զինատեսակների խոշորագույն ներկրողը, նրան է բաժին ընկնում բոլոր եվրոպական առաքումների 12 տոկոսը: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 12 տոկոսով և երրորդը Հունաստանն է 11 տոկոսով: 2009-2013 թթ. 2004-2008 թթ. համեմատ Ադրբեջանը զենքի ներկրումն ավելացրել է 378 տոկոսով: Ըստ զեկույցի տվյալների, վերջին 5 տարում զենքի առաքումների 80 տոկոսը Ադրբեջան իրականացվում է ՌԴ կողմից: Այլ առաքողների թվում են Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելն ու Թուրքիան:

Հիմնական զինատեսակների խոշորագույն 5 առաքողների թվում են ԱՄՆ-ն արտահանման 29 տոկոսով, Ռուսաստանը՝ 27 տոկոսով, Գերմանիան՝ 7 տոկոսով, Չինաստանը՝ 6 տոկոսով ու Ֆրանսիան՝ 5 տոկոսով::

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---