Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել

PanARMENIAN.Net - Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում այս տարվա ընթացքում երկրորդ անգամ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ պատարագ է մատուցվել։ Աշխարհի տարբեր երկրներից հայերը հավաքվել էին եկեղեցու բակում, իսկ Հայաստանից եկած «Մարգարիտ» պարախումբը ազգային երգ ու պար է ներկայացրել։

«Ակօս» շաբաթաթերթը գրում է, որ 2012-ին վերաբացված Սբ Կիրակոս եկեղեցում տեղի ունեցած պատարագին մասնակցել են Ամերիկայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Թուրքիայի տարբեր քաղաքներից ժամանած հայեր, ինչպես նաև` հոգևորականներ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ։ Մասնակցել են նաև Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, Դիարբեքիրի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայեր։

Վաղ առավոտյան եկեղեցում հավաքվածները նախ մոմեր են վառել, աղոթել, ապա հավաքվել եկեղեցու բակում, զրուցել, լուսանկարվել։ Պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ Դիարբեքիրից գաղթած հայերի զավակներն ամեն տարի այցելում են եկեղեցի և մասնակցում արդեն ավանդական դարձած պատարագին։ «Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին համարվող Սբ Կիրակոսի հոգևոր մթնոլորտը զգալը մեր համայնքին երջանկացնում է»,- ասել է նա։

Եկեղեցու վերանորոգման աշխատանքների 95%-ն ավարտված է: Վերանորոգման ծախսերը հոգացել են համայնքն ու Դիարբեքիրի քաղաքապետարանը։ «Սա համաշխարհային ժառանգություն է, և մշակույթի ու զբոսաշրջության նախարարության աջակցությունը ևս անհրաժեշտ է»,- ասել է արքեպիսկոպոս Աթեշյան։

Եկեղեցուն օգնության նպատակով օրվա ընթացքում կազմակերպվել էր հուշանվերների վաճառք:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---