15 հուլիսի 2014 - 11:51 AMT
Հրաչյա Հարությունյանի կալանքը հետին թվով երկարաձգել են

Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Իրինա Վիրիշեվան հուլիսի 14-ին բավարարել է Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014թ. մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով):

Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել է չերկարաձգել 18 մարդկանց մահվան համար մեղադրվող «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ է հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել է: Նյութերն ուղարկվել են կրկնակի ուսումնասիրության:

Գործի քննության ընթացքում պաշտպանությունը մատնանշել է, որ քննիչ Լագոյկոն արդեն իսկ աշխատանքից ազատված է, չկա քննություն` այն ավարտվել է, իսկ գործը փոխանցվել դատարան, կարիք չկա կալանքի ժամկետը մինչև մարտի 14-ը երկարաձգելու, քանի որ ՙարդեն հուլիսի 14-ն է, իսկ բուն միջնորդությունն ուղղված է ոչ թե Մոսկվայի քաղաքային դատարանին, այլ Մոսկվայի Տվերսկոյ դատարանին, և անգամ միջնորդությունը պաշտպանող չկա՚: Այլ կերպ ասած` դատական քննության առարկա չկա:

Այնուամենայնիվ, դատավորը որոշել է բավարարել գոյություն չունեցող քննիչի միջնորդությունը գոյություն չունեցող քրեական գործով և Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգել անցյալ ժամանակում, հայտնում է Zakonia.ru-ն:

Ապրիլի 11-ին Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին Հրաչյա Հարությունյանի գործով նախնական լսումները:

Լսումների ժամանակ Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվել էր մինչև 2014 թ. հոկտեմբերի 3-ը: Տուժածների ցուցակից հանվել էին միջին ծանրության վնասվածքներ ստացած ուղևորների անունները:Դատարանը որոշել է, որ նախաքննության մարմնի ներկայացված որոշ փաստաթղթեր կարող են առգրավվել քրեական գործից:Ապրիլի 17-ին սկսվեց բուն քրեական գործի քննությունը:

Ապրիլի 4-ին ոստիկանությունն ավարտեց Հրաչյա Հարությունյանի քրգործի հետաքննությունը:

Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ քրեական գործի հետաքննությունն ավարտված է և ուղարկվել է դատախազություն:

Քննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակները վատ էին աշխատում: Ինչպես կարծում է քննությունը, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Այժմ բեռնատարի վարորդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում՝ Ռուսաստանում սա երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ-ի համար գործող պատժի առավելագույն ժամկետն է, եթե վարորդը սթափ է եղել:

Մարտի 14-ին Մոսկվայի քաղաքային դատարանը երկարացրեց ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև ապրիլի 14-ը: Այսպիսով դատարանը բավարարեց ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով Գլխավոր քննչական վարչության միջնորդությունը կես տարին գերազանցող խափանման միջոցը մեղադրյալի համար երկարացնելու վերաբերյալ:

Դատական նիստում ասվեց, որ գործի նույթերը 10 հատոր են կազմում, որոնց Հարությունյանն արդեն ծանոթացել է: Այժմ պետք է ուսումնասիրեն 47 տուժածները: Քննության ընթացքում կատարվել է մոտ 70 փորձաքննություն: Երբ տուժածները կծանոթանան գործի նյութերին, մեղադրական եզրակացությունը կթարգմանվի հայերեն, այն կհաստատի դատախազը, իսկ հետո քրեական գործը կուղարկվի դատարան, հայտնում է BFM.ru-ն:

Նոյեմբերի 28-ին Հրաչյա Հարությունյանին ևս մեկ մեղադրանք ներկայացվեց՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ: Նույն օրը նրան կրկին անգամ մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5 մասով այս անգամ արդեն փորձագետների եզրակացություններով՝ երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ:

«Բացի այդ, քննիչը լրացուցիչ մեղադրանք ներկայացրեց նրան ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3 մասով՝ կեղծ փաստաթղթի օգտագործում)», -հայտարարեց այն ժամանակ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Հարությունյանն, ինչպես և նախկինում, ճանաչում է իր մեղքը վթարի պատճառ հանդիսացած ճանապարհային երթևեկության օրենքների խախտման մասով, սակայն ժխտում է կեղծ փաստաթղթի կիրառումը: Ըստ նրա, նա չի իմացել, որ փաստաթուղթն իսկական չէ, ոչ ոք այդ թուղթը չի ստուգել: Մեղադրյալը նաև միջնորդություն է ներկայացրել լրացուցիչ ավտոտեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար:

«Մասնավորապես, փորձագետները չեն պարզել, թե ինչ արագությամբ է ընթացել մեքենան, չեն պարզել, արդյոք վարորդը տեխնիկական հնարավորություն ունեցել է կասեցնելու ՃՏՊ-ն»,-ասել է փաստաբանը:

Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ձերբակալեկլ էր Հարությունյանին: Սեպտեմբերի 12-ին նույն դատարանը երկարացրել էր ձերբակալության ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը:

Հրաչյա Հարությունյանին դեպքից հետո դատարանի դահլիճ են տարել կանացի խալաթով և հողաթափերով: Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դիմել է Մոսկվայի Տվերի շրջանի դատարան քննիչի դեմ բողոքով: Բողոքը ներկայացվել է այն փաստով, որ քննիչը մեղադրյալին ձերբակալել և տեղափոխել է մեկուսարան կանացի խալաթով: «Ըստ իս, մեղադրյալին դատարան բերելը կանացի խալաթով և լողափի հողաթափերով, ձերբակալված անձանց պահման մասին օրենքի խախտում է»,-ասել է վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Life News-ին:

Նա պարզաբանել է, որ Հարությունյանը խնդրել է քննիչին կապվել իր հարազատների հետ և խնդրել է հագուստ բերել իր համար, ինչը չի արվել: «Ստացվում է, որ քննիչը ոչ մի բանի համար պատասխանատո՞ւ չէ, եթե մերկ ձերբակալեր, մե՞րկ պիտի տաներ մեկուսարան»,-վրդովված ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իրենք խնդրում են դատարանին ապօրինի ճանաչել քննիչի գործողությունները»: Մարգարյանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի հետ այս պատմությունում՝ նմանատիպ բողոքներն, ուղղված դատախազությանն ու քննչական մարմիններին, արդյունք չտվեցին: