Օբամա․ ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՀՀ հանձնառությունը՝ հասնելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Օբամա․ ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՀՀ հանձնառությունը՝ հասնելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հունիսի 26-ինՍերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, Տիգրան Սարգսյանին շնորհել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:Մեկ այլ հրամանագրով նա Տիգրան Սարգսյանին նշանակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)։

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը դեսպան Սարգսյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցութամբ։ ՀՀ դեսպանը հավելել է, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը:

Ողջունելով և շնորհավորելով Տիգրան Սարգսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին:

Նախագահ Օբաման շեշտել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը:

Օբաման ընդգծել է նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը: Զրուցակիցները ընդգծել են, որ ամերիկահայ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։ Նա նշել էր, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

Հայաստանի նախկին վարչապետ (2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ը) Տիգրան Սարգսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

1977-1978 թթ. սովորել է Երևանի տեխնիկական համար 14 ուսումնարանում, 1978-1980 թթ.` Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ, 1980-1983 թթ.` Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում(գերազանցության դիպլոմ), 1983-1987 թթ.` Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա` «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու: 1994 թ. սովորել է Վաշինգտոնի Իրավունքի միջազգային ինստիտուտում, 1996-1997թթ.` Վաշինգտոնի Համաշխարհային բանկում` «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ:

1987-1990 թթ. աշխատել է Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում` ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար, 1988-1993 թթ.` Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ, 1990-1991 թթ.` տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր, 1990-1995 թթ.` ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ, 1993-1994 թթ.` Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում, 1995-1998 թթ.` Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ, 1995-2008 թթ.` Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն, 1998-2005 թթ.`ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, 2005-2008 թթ.` ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում), 2005-2007 թթ.` Միջպետական բանկի խորհրդի նախագահ, 2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ, 2012 թ. հունիսի 2 - ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: 2013թ. ապրիլի 19 - 2014թ ապրիլի 13` ՀՀ վարչապետ: ՀՀ նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստազորի սպայի զինվորական կոչում: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---