11  17.07.14 - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Կենտրոնական հավաքակայան
18  17.07.14 - ՀՀ կառավարություն․ Կառավարության նիստ

ՊՆ. Ադրբեջանից Քարվաճառ բերող ուղիները կականապատվեն, հնարավոր է՝ բնակիչներին զինեն (թարմացված)

ՊՆ. Ադրբեջանից Քարվաճառ բերող ուղիները կականապատվեն, հնարավոր է՝ բնակիչներին զինեն (թարմացված)

PanARMENIAN.Net - Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու բոլոր հնարավոր ուղիները կհայտնաբերվեն ու կականապատվեն: Կառավարության հուլիսի 17-ի նիստում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով անդրադառնալով Քարվաճառում նախորդ շաբաթ տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նաև նշել է, որ 1994-ի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանը պարբերաբար կրակոցներով և դիվերսիոն հետախուզական գործողություններով լարվածություն է ստեղծում առաջին գծում:

«Տեղեկություն է եղել ԼՂՀ Պաշտպանության բանակից Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ, և վերջին շրջանում որոշակի հետքեր կային: Հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որպեսզի հնարավոր ներթափանցած խմբերը բացահայտվեն»,– ասել է նախարարը:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

«Գործակցելով ներքին զորքերի, Ազգային անվտանգության ծառայության հետ` բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին հետքերը և հետևից գնալով` հայտնաբերել էին մեկ անդամին: Դրանից հետ համապատասխան միջոցառումներ կազմակերպեցինք, և բացահայտվեցին բոլոր անդամները»,- հավելել է Սեյրան Օհանյանը:

Նա նաև նշել է, որ ԼՂՀ-ի 17 տարեկան քաղաքացու սպանության մեջ կասկածվում է խմբի անդամներից այն մեկը, որ վերջինն է հայտնաբերվել:

Արդեն ՀՀ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Օհանյանը նշել է, որ Քարվաճառի բնակիչներին հնարավոր է զինեն՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությունը քննարկում է այդ հարցը:

Նախարարի խոսքով, այս հատվածում բնակվողներից շատերը պայմանագրային զինծառայողներ են, և բնակիչներին զինելու հարցը լուծվում է զինվորականներին պարզապես զենքն իրենց հետ տուն տանելու թույլտվություն տալով:

ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից, քրգործը հարուցվել է ԼՂՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանք են՝ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի КМС տեսակի TD 2042 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի ПМ տեսակի ВА 0033 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի АКМС տեսակի TF 7373 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի ПМ տեսակի СН 3478 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում ոչնչացվել է:

«Այսօր ՊԲ-ի հրամանատարությունը Քարվաճառի սահմանին ներթափանցման որոնումների խնդիր է լուծում և ուժեղացրել են ծառայությունն առաջին գծում: Ազգաբնակչության շրջանակում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որ ժողովուրդը վստահ լինի` բանակն իր առջև դրած խնդիրները լուծում է»,-շեշտեց նախարարը, գրում է Tert.am-ը:

Հուլիսի 15-ին հայտնաբերվել է դեռևս հուլիսի 4-ից անհետ կորած համարվող Սմբատ Ցականյանի դին: Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանի խոսքով` երիտասարդի դին հայտնաբերել են գյուղից բավական հեռավորության վրա, սարերում: Արա Հովհաննիսյանը նշել է, որ դիակը տեղափոխել են Ստեփանակերտ՝ փորձաքննության, տղայի հարազատներին տեղյակ են պահել այդ մասին:

Քարվաճառի Ջոմարդ գյուղում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի մայրը՝ Կարինե Ցականյանը, համոզմունք էր հայտնել, որ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները:

ԼՂՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արցախում անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով: Գյուղապետի խոսքով, դատելով տղայի դիակի վրա առկա վնասվածքներից, կարող է ասել, որ նրան ադրբեջանական դիվերսանտներն են սպանել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բրիֆինգի ժամանակ նշել էր, թե չի բացառում, որ նախորդ շաբաթ Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խումբը կարող է կապ ունենալ Սմբատ Ցականյանի անհետացման հետ: Ավելի վաղ ԼՂՀ ոստիակության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ 52-ամյան Մեխակ Ցականյանը հուլիսի 7-ին ժամը 21:00-ի շրջանում դիմել է ոստիկանության տարածքային բաժանմունք և հայտնել, որ իր որդին` Սմբատ Ցականյանը(1997 թ.) հուլիսի 4-ին ժամը 21:00-ին տանից դուրս է եկել և չի վերադաձել: Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե երիտասարդը կարող էր գերի ընկնել ադրբեջանցի դիվերսանտներին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---