24 մայիսի 2006 - 15:36 AMT
ԼՂՀ Սահմանադրությունը լինելու է ինքնուրույն, ժողովրդավարական պետության Սահմանադրություն
Ներկայումս ԼՂՀ սահմանադրական հանձնաժողովում քննարկվում են Սահմանադրության առաջին երկու գլուխները, այսինքն` սահմանադրական կարգի հիմքերն ու մարդու հիմնական իրավունքներն, ազատություններն ու պարտականությունները: Դա նշանակում է, որ մոտենում է ԼՂՀ հիմնական օրենքի ընդունման օրը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ, ԼՂՀ Սահմանադրության մշակման աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանը: Նրա խոսքերով, Սահմանադրության գլխավոր գաղափարը օրենքի գերակայության ապահովումն է: «ԼՂՀ-ն 15 տարի է ապրում է առանց Սահմանադրության: Ոչ մի նորակերտ պետություն չի կարող կարճ ժամկետում ընդունել Սահմանադրություն: Պետք է ունենալ պետական շինարարության փորձ, կողմնորոշիչների ընտրության հնարավորություն: ԼՂՀ դեպքում այդ օրինաչափությունը առանձնանում է նրանով, որ մեր ժողովուրդը ստիպված էր վարել պարտադրված պատերազմ, իսկ հետո հաղթահարել բոլոր հետպատերազմյան դժվարությունները իրավական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, ներքաղաքական ոլորտներում: Անցած 15 տարվա ընթացքում կուտակվել է պետական շինարարության որոշակի փորձ, որը բավարար հիմք է հանդիսանում Սահմանադրության ընդունման համար»,-նշել է Զալինյանը:

Նա ընդգծել է, որ ԼՂՀ Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը լիովին արդարացված է ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ պատմական տեսակետից: «ԼՂՀ Սահմանադրությունը կլինի ինքնուրույն, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն կիսանախագահական կառավարմամբ: Այն կհամապատասխանի աշխարհում դիտարկվող սահմանադրական զարգացմանը եւ պահանջներին: Եվ իհարկե, հաշվի կառնվեն մեր անկախության ամրապնդման խնդրով պայմանավորված առանձնահատկությունները»,-ասել է ԼՂՀ գլխավոր դատախազը: Նա նաեւ նկատել է, որ Հայաստանի Սահմանադրության մի շարք փոփոխություններ իրենց արտացոլումը կգտնեն նաեւ ԼՂՀ Սահմանադրությունում:

«ԼՂՀ Սահմանադրությունը կընդունվի համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը ակտիվ մասնակցություն կունենա, քանի որ Սահմանադրության ընդունումը եւս մեկ էական քայլ կլինի մեր հանրապետության կայացման եւ ամրապնդման գործում»,-ընդգծել է Արմեն Զալինյանը, գրում է «Ազատ Արցախ» թերթը: