Դիվերսիայի հերթական չստացված փորձերն Արցախում. Հայ զինծառայող է զոհվել, 2-ը` վիրավորվել

Դիվերսիայի հերթական չստացված փորձերն Արցախում. Հայ զինծառայող է զոհվել, 2-ը` վիրավորվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Խաչատուր Լևոնի Բադասյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդում ՌՈւՀ շրջանավորտներին սպայական վկայականների հանձնման արարողությանը հայտնել է, որ հայկական կողմը նաև 2 վիրավոր ունի, հայտնում է Razm.info-ն:

Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողություններիփաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

ԼՂՀ ոստիկանությունը Քարվաճառի ուղղությամբ վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գործունեության վերաբերյալ հայտարարություն է տարածել: Նշվում է, որ հուլիսի 19-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք:

Հատուկ առաջադրանքով հավաքագրել են տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են:

Հուլիսի 15-ին հայտնաբերվել է դեռևս հուլիսի 4-ից անհետ կորած համարվող Սմբատ Ցականյանի դին: Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանի խոսքով` երիտասարդի դին հայտնաբերել են գյուղից բավական հեռավորության վրա, սարերում: Արա Հովհաննիսյանը նշել է, որ դիակը տեղափոխել են Ստեփանակերտ՝ փորձաքննության, տղայի հարազատներին տեղյակ են պահել այդ մասին: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից:Ս. Ցականյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը 17.07.2014թ. ուղարկվել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում 09.07.2014թ. հարուցված թիվ 341001.14 քրեական գործին կցելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար:

Ավելի վաղ ԼՂՀ ոստիակության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ 52-ամյան Մեխակ Ցականյանը հուլիսի 7-ին ժամը 21:00-ի շրջանում դիմել է ոստիկանության տարածքային բաժանմունք և հայտնել, որ իր որդին` Սմբատ Ցականյանը(1997 թ.) հուլիսի 4-ին ժամը 21:00-ին տանից դուրս է եկել և չի վերադաձել: Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե երիտասարդը կարող էր գերի ընկնել ադրբեջանցի դիվերսանտներին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---