25 մայիսի 2006 - 16:27 AMT
ԼՂՀ. Ազգի ինքնորոշման իրավունքը հարգելը հակամարտությունների կարգավորման անկյունաքարն է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել Չերնոգորիայի անկախության հանրաքվեի վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Չերնոգորիայում անկախության հանրաքվեի անցկացումը եւ միջազգային հանրության կողմից նրա արդյունքները ճանաչելու պատրաստակամությունը ընդհանուր առմամբ դրական փաստ է: Մենք համոզված ենք, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով արտահայտված ազգի ինքնորոշման իրավունքի հարգումը անկյունաքարային է նման իրավիճակների կարգավորման հարցում եւ իրական գործիք` հակամարտության տարածաշրջանում քաղաքական կայունության հաստատման համար:

Այդ առթիվ նպատակահարմար է հիշեցնել, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին անկախության օգտին քվեարկած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի ոտնահարումը փաստորեն հիմք ծառայեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա ուղղակի ռազմական ագրեսիայի համար, ինչը բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձավ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման եւ նրա քաղաքական անկախությունը, տնտեսական եւ ռազմական անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծման իրավունքի հետագա անտեսումը հետաձգում են փոխադարձ ընդունելի լուծումների եւ տարածաշրջանում կայուն խաղաղության ու փոխընբռնման հաստատման հեռանկարը»: