Միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ-ում անխուսափելի է, սակայն, դրա համար 5-10 տարի կպահանջվի

Միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ-ում անխուսափելի է, սակայն, դրա համար 5-10 տարի կպահանջվի

PanARMENIAN.Net - Միասնական արժույթի ներմուծումը Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ), որի մասին համաձայնագիրը մայիսի 29-ին ստորագրեցին Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը, անխուսափելի է, թեև, դրա համար, հավանաբար, 5-10 տարի կպահանջվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը «Նախագահական ակադեմիայի ամառային ճամբար» խորագրով միջազգային կրթական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, որը կայացավ Թաթարստանում:

«Կանցնի 5-10 տարի և միասնական արժույթի ներմուծման հարցը հաստատ կլուծվի, կհայտնվեն էմիսիոն կենտրոններ և միասնական արժույթ: Մենք կարող էինք խուսափել սրանից, եթե չկոտրեինք ռուբլին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Մենք փլուզեցինք այն ժամանակ միասնական տնտեսական տարածքը և հիմա, լիենլով տարբեր երկրներ, ստեղծում ենք այդ տարածքը»,-հայտարարել է Շուվալովը՝ նշելով, որ մասնագիտական շրջանակներում քննարկվելու է միասնական արժույթի ներմուծման թեման, հայտնում է «Բելնովոստի» պաբերականը:

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից։ Այդ նիստի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Երևանը մտադիր է ԵՏՄ ստեղծման պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանադամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:

Զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո:

Ավելի ուշ ՌԴ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարեց, որ Հայաստանը կարող է միանալ Մաքսային միությանն արդեն 2014-ին: «Բոլոր շանսերը կան, որ 2014-ին Հայաստանը կմիանա Մաքսային միությանը, այստեղ բարձր է պատրաստականության աստիճանը, գործնականում հակասություններ չեն մնացել միացման պայմանագրի նախագծի առումով»,-ասել է Սլեպնյովը ուրբաթ օրը Մինսկում Բելառուսի արտասահմանյան հաստատությունների ղեկավարների համար նախատեսված սեմինարում:

Ըստ նախարարի, ԵՏՄ-ն «ճանապարհային քարտեզ» է կազմել Հայաստանի համար, որը դեռ աշխատանքի զգալի ծավալ պետք է կատարի: Այս առնչությամբ Սլեպնյովը նկատել է, որ Հայաստանը տարածքային առումով մեկուսացած է Մաքսային միությունից, ուստի հարկավոր է հստակ մշակել ապրանքային հոսքերի վերահսկման հնարավորությունները: Սակայն հիմնական հարցը տարբերություններն են Հայաստանի ու Ռուսաստանի միջև ԱՀԿ-ի առջև պարտավորությունների առումով, շարունակել է նախարարը: Ուստի, պարզաբանել է նա, ինչ-որ անցումային շրջան կսահմանվի, որի ընթացքում «մենք կկանոնակարգենք ԱՀԿ առջև այլ պարտավորություններ ունեցող երկրի անդամակցության հարցը Մաքսային միությանը»:

Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Մենք մեր կողմից լիովին կատարել ենք մեր պարտավորույթունները և կարծում ենք, որ դա տեղի կունենա ընթացիկ տարում»,-ասել է վարչապետը: Օրերս Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին, ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը»,- նշել է Իդրիսովը:

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

«Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,- ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում:

Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ՝ նշելով, որ ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել, այլ որոշվել է միայն նախապատրաստել պայմանագիրը:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---