Հայաստանում ՌԴ դեսպանատունը՝ ամերիկյանին․ Հարիր չէ ՀՀ-ին կարգադրել՝ ում հետ պահպանել կապերը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը՝ ամերիկյանին․ Հարիր չէ ՀՀ-ին կարգադրել՝ ում հետ պահպանել կապերը

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պատասխանել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարությանը, թե տեղեկացրել է մեր երկրի Կառավարությանը ՌԴ դեմ պատժամիջոցների մասին։

Ինչպես ասվում է ՌԴ դեսպանատան հայտարարությունում, դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ իր տեղակայման երկրի ղեկավարությանը կարգադրել՝ ում հետ պետք է կապեր պահպանեն։ «Կարծում ենք, որ Հայատսանի գործարար համայնքը կարող է ինքնուրույն լուծել բիզնեսին վերաբերող հարցերն ու կողմնակի խորհուրդների կարիք չունի»։

Ռուսաստանի դեսպանատունը նաև անհանգստացած է Հայաստանում ռուսական բիզնեսի աշխատանքը դժվարացնելուն ուղղված ամերիկացիների փորձերով։

«Ռուսական բոլոր ընկերությունները, որոնք ներկայացված են Հայաստանի տարածքում, ներառյալ բանկերը, այդ երկրի իրավասության ներքո են ու աշխատում են դրա օրենսդրության շրջանակում, օգուտ են ստանում ու հարկեր մուծում նույնպես Ռուսաստանում՝ բնակչության մի ստվար հատվածին ապահովելով աշխատանքով։ Ռուսական ընկերությունների հետ գործակցությունը դադարեցնելու կոչերը զրոյացնում են Հայասըանի տնտեսության զարգացմանն աջակցելու պատրաստակամության մասին ամերիկացի ներկայացուցիչների հայտարարությունները»,- ասվում է ռուսական դեսպանատան հայտարարությունում։

Ավելի վաղ Երևանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել էր, որ նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանն ու գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում: Ըստ դեսպանատան, իրենք բոլոր պետություններին ու դրանց ռեզիդենտներին հորդորում են «հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են ԱՄՆ ու մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին»:

Ինչպես աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանությունները, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները փոխանցել է տեղի կառավարության ներկայացուցիչներին ու ընկերություններին։

Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ հայ գործարարները շարունակում են աշխատել բնականոն հունով և Ռուսաստանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցները նրանց դեռևս մտահոգվելու առիթ չեն տալիս:

Հարցին, թե պատժամիջոցները ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական ընկերությունների, Ղազարյանը պատասխանել է, որ չնայած դրանց մայր գրասենյակները ՌԴ-ում են, այդ ընկերությունները գործում են, շահույթ ստանում ու հարկեր վճարում ՀՀ օրենսդրությամբ, այդ պատճառով էլ պատժամիջոցները ֆորմալ առումով դրանց չեն վերաբերում:

Պատժամիջոցների ցուցակում են այնպիսի խոշոր ռուսական ընկերություններ, ինչպիսիք են «Գազպրոմբանկը», Զարբացման ու արտաքին տնտեսական գործունեության բանկը, «Նովատեկն» ու «Ռոսնեֆտը», ՎՏԲ-ն, Մոսկվայի ու Ռոսսելխոզբանկը։ Այդ ընկերությունների համար սահմանափակվել է կապիտալի ու ֆինանսների շուկան։ Նշված ընկերություններից ՎՏԲ-ն ու «Գազպրոմբանկը» ներկլայացված են Հայաստանի ֆինանսական շուկայում։ Բացի այդ, պլանավորվում է, որ «Ռոսնեֆտը» մոտ 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ պետք է անի հայկական քիմհսկա «Նաիրիտի» վերագործարկման համար։

Photo: Wikipedia
 Ուշագրավ
---