ԱՄՆ-ն մտահոգված է ղարաբաղյան գոտում մարտերով, ANCA-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին հրաժարվել կեղծավոր քաղաքականությունից

ԱՄՆ-ն մտահոգված է ղարաբաղյան գոտում մարտերով, ANCA-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին հրաժարվել կեղծավոր քաղաքականությունից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ փման գծում լարվածության սրացման վերաբերյալ, որը հուլիսի 31-ին զգալի զոհերի պատճառ է դարձել: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆի հայտարարությունում:

«Ցավակցում ենք բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին և կոչ անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համարու պահպանել հրադադարի ռեժիմը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Պատասխան գործողությունները և հետագա բռնությունը կբարդացնեն խաղաղ կարգավորումը»,- ասվում է հայտարարությունում:

ԱՄՆ-ն նաև հորդորում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին որքան հնարավոր է շուտ հանդիպել ու վերսկսել երկխոսությունը հիմնական հարցերի շուրջ: «Նաև կոչ ենք անում կողմերին ընդունել ԵԱՀԿ նախագահի բանակցություններ սկսելու հրավերը, որոնք կարող են հանգեցնել խաղաղ պայմանագրի կնքմանը: Նախկինի պես հավատարիմ ենք Մինսկի խմբի շրջանակում ընթացող գործընթացին և պատրաստ ենք աջակցել երկարաժամկետ կարգավորման հասնելու ջանքերին»,- ասվում է փաստաթղթում:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդեսեկել նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Համբարյանի հայտարարությունում ասվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումների դիվերսիան Ադրբեջանի կառավարության անմիտ զինված ագրեսիայի օրինակ է, որը դրսևորվում է տարածաշրջանում իրավիճակի կայունացման ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի ֆոնին:

«Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ցանկանում դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, նպաստում է այդ երկրում անպատժելիության վտանգավոր մթնոլորտի արմատավորմանը, ինչն, իր հերթին, հանգեցնում է բռնության սրացման: Ժամանակն է, որ միջնորդները հրաժարվեն ադրբեջանական կողմի յուրաքանչյուր հարձակմանն արհեստական սառնասրտությամբ ու կեղծավոր դիվանագիտությամբ պատասխանելու սովորությունից: Միայն դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, նրանք կարող են հուսալ, որ կկարողանան կասեցնել Կովկասում նոր պատերազմ սանձազերծելու Ալիևի ձգտումը: Առաջին ու կարևոր քայլը պետք է լինի ԵԱՀԿ հովանու ներքո կազմակերպված միջազգային արշավը՝ հասցեագրված Բաքվին, որով կպահանջվի համաձայնվել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, մի առաջարկ, որին արդեն 3 տարի է հավանություն են տալիս Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը»,- ասվում է Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր:

Դիմակայության ընթացքում հայկական կողմը կորուստ է ունեցել՝ զոհվել է ՊԲ զինծառայող, 1989-ին ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն 3 զոհ և 7 վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ:

Հարկ է նշել, որ անցած գիշեր հակառակորդը հարձակում է ձեռնարկել շփման գծի հյուսիսային, հյուսիս-արևելյան ու արևելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակահարված են հասցրել հակառակորդին, հետ շպրտելով նրան ելման դիրքեր: Հայկական կողմից կորուստներ չկան, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անհաջող դիվերսիայի հետևանքով վիրավորված դիվերսանտները տեղափոխվել են Բաքու ուղղաթիռներով: Ադրբեջանական կողմը հայտարարել է 4 սպանվածների անունները.

Ենթասպա Ալիև Փարվին Սալահադդին օղլու

Կրտսեր ենթասպա Ահմեդով Էլչին Ռասիմ օղլու

Կրտսեր ենթասպա Հուսեյնով Ռահիլ Աֆսար օղլու

Զինվոր Գուլիև Սարհան Հեյրատ օղլու

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էին ՊԲ երկու զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։ Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---