Հակառակորդը դիվերսիայի ևս մեկ փորձ է ձեռնարկել․ Այս անգամ՝ Ասկերանի ուղղությամբ

Հակառակորդը դիվերսիայի ևս մեկ փորձ է ձեռնարկել․ Այս անգամ՝ Ասկերանի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:

Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ-ից:

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

ԵԱՀԿ գործող նախագահողը և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել ղարաբաղյան և հայ-ադրբեջանական սահմանում զարգացումների վերաբերյալ:

ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ նախագահող, Շվեցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալթերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանից Իգոր Պոպովը, Միացյալ Նահանգներից Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից Պիեռ Անրին խորը մտահոգություն են հայտնել շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին օրերին բռնության ինտենսիվ բռնկումների վերաբերյալ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել:

Նրանք իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին և նշել, որ կիսում են ծանր կորստի ցավը:

ԵԱՀԿ գործող նախագահողը և Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ խորապես մտահոգ են այն փաստով, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության վառ ընդգծված տարբերանշանով տրանսպորտային միջոցը, չնայած հայ-ադրբեջանական սահմանի վրա մարդասիրական առաքելություն էր իրականացնում, կրակի տակ է հայտնվել:

Նրանք վճռականորեն դատապարտել են քաղաքացիական անձանց կանխամտածված թիրախավորումը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին կրակահերթի տակ պահելը և կողմերին հիշեցրել Ժնևի կոնվենցիայով սահմանված նրանց պարտավորությունները:

ԵԱՀԿ գործող նախագահողը և Մինսկի խմբի համանախագահները դիմել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որպեսզի լարվածությունը լիցքաթափելու անհապաղ քայլեր ձեռնարկեն և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը:

ԵԱՀԿ նախագահողը և Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ վրեժխնդրությունը և հետագա բռնությունները կարող են դժվարացնել հարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքերը գործադրելը:

Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել հնարավորինս շուտ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, ինչը տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն և իրական հաշտություն բերելու միակ ճանապարհն է», գրում է Panorama.am-ը:

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանք հետմահու պարգևատրվել ենՄարտական ծառայության մեդալով։Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։ Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---