18 դեկտեմբերի 2002 - 23:11 AMT
ՍՏԾՀ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Դեկտեմբերի 18-20-ը Հայաստան կայցելի Սեւծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրեն Յանիս Պապանիկոլաուն: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ, կայցելի մի շարք գիտահետազոտական կենտրոններ: ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության օրոք` 2003թ. ապրիլին Երեւանում անց է կացվելու ՍԾՏՀ գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով նախարարական անդրանիկ համաժողով, որը կազմակերպվելու է Սեւծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի աջակցությամբ: ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Սեւծովյան ուսումնասիրությունների կենտրոնը հիմնվել է 1998թ. ՍԾՏՀ կազմակերպության հովանու ներքո, որպես գիտական ոլորտում համագործակցությունը կոորդինացնող մարմին: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է` համադրել ՍԾՏՀ անդամ-պետությունների ծրագրային առաջարկությունները գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում, ամփոփ տեսքով ծրագրեր ներկայացնել տարածաշրջանային կազմակերպություններին (առաջին հերթին Եվրամիությանը)` դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ակնկալելու նպատակով: